Երեք զինծառայողների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

117

Երեք զինծառայողների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն, հայտնում է Քննչական կոմիտեն:

ՔԿ-ն հիշեցնում է, որ այսօր՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը՝ ժամը 17:40-ի սահամաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից,:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ էլ Մարդու իրավունքների պաշտպանն էր հայտարարություն տարածել, որ այս դեպքով վարույթ են սկսում։ Արման Թաթոյանը պաշտպանության նախարարի հետ է զրուցել. «Ինչպես տեղեկացրել է նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է»: