Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար:

Պետք է հաշվի առնել կոնտեքստը և առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝

1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.

2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն տարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են (տներ, խոտհարքեր, վարելահողեր արոտավայրեր).

3. պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքին և առողջությանը, վնաս են պատճառում մարդկանց գույքին և կենդանիներին.

4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ հանցավոր արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.

5. գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը.

6 հրահրում են հրաձգություններ, որոնք դադարում են միայն ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ միջոցների արդյունքում:

Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:Այս ամենին գումարվում է այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիեմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:Այս փաստերն ու հիմնավորումները կուղարկվեն միջազգային կառույցներին:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest