Ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը

139

Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում այսօր՝ օգոստոսի 17–ին, ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը։

Forrights.am-ի հետ զրույցում նրանց փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց, որ որևէ որոշում դեռևս չի ստացել նրանց ձերբակալության հետ կապված։ Փաստաբանը Երևանում է։ «Նրանք տեղափոխվում են Երևան։ Հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, նոր կկարողանամ հարցերի պատասխանել։ Մեզ համար անսպասելի էր, քիչ առաջ ենք տեղեկացել, որ ձերբակալվել են, դատարան ներկայանալու համար բերվում են Երևան», — հավելեց նա։ Ըստ Մելքոնյանի՝ փոխհամայնքապետերին կալանավորելու միջնորդություն նույնպես ներկայացվել է։ «Բայց որևէ փաստաթուղթ այս պահին ձեռքներիս տակ չունենք։ Կգան, կներգրավվենք, կստանանք փաստաթղթերը, նոր կկարողանամ հարցերին պատասխանել», — եզրափակեց Մելքոնյանը։

Մենուա Հովսեփյանին եւ Իրինա Յոլյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաեւ  ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով պաշտոնական դիրքն օգտագործելով  նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հակադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար: