«Իմ որդիները կռվել են այն համոզմամբ, որ պետք է պահեն հողը, նահանջ չկա»

509

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Նարեկ Բոյախչյանը, անցյալ տարի սեպտեմբերին, պատերազմի բոթն առնելով, երկրորդ անգամ մեկնեց Արցախ՝որպես  զինվոր: Ապրիլյան պատերազմի օրերին նա ծառայում էր Արցախում՝ Ասկերանի շրջանում:  Երկրորդ անգամ նա մեկնեց Մարտակերտի շրջան՝Հաթերք:

«Սեպտեմբերի 27-ին հեռուստացույցով լսեցի, որ պատերազմ է սկսվել: Երկու-երեք ժամ անց ես եւ եղբայրս՝Սիփանը, նույնպես բժշկականի ուսանող, ծանուցում ստացանք, որ պետք է գնանք նշանակված կետ, որտեղից մեկնում էին Արցախ: Ինձ այնտեղ ասացին, որ միայն եղբայրս պետք է գնա, ես պետք է մնամ  հոսպիտալում: Ես էլ արձագանքեցի, որ եթե եղբայրս մեկնում է, ես էլ պետք է հետը գնամ: Ամսի 27-ին մեկնեցինք, 28-ի առավոտյան արդեն հասել էինք  Հաթերք գյուղ, ինձ այնտեղ հարցրեցին՝ հաստատ ուզո՞ւմ եմ մնալ, թե՞ոչ: Ես նախընտրեցի եղբորս հետ մնալ, կես ժամ անց եկավ մի մեքենա եւ մեզ բարձրացրեց դիրքեր: Մենք զորամասից ստացանք համազգեստ եւ բարձրացանք  դիրքեր: Ճանապարհի կեսը ոտքով ենք գնացել, որովհետեւ պարբերաբար ռմբակոծում էին և հարվածում  ԱԹՍ-ներով: Ճանապարհին  մառախուղ էր, հասանք մի տեղանք, որտեղ արդեն մառախուղ չէր եւ  նշանակետով էին խփում: Մենք  մոտ 13-14 հոգի էինք, մի մասին ուղարկել էին հրետանու հենակետ, մյուսներին՝առաջին գիծ: Գնացինք  դիրքեր, այնտեղ կռիվը  շարունակվում էր, արդեն պայմանագրային զինվորների մեջ կային վիրավորներ, վիրավորներից  մեկն էլ դիրքի  հրամանատարն էր: Մեզ այնտեղ  ցույց  տվեցին, թե որոնք են մեր  դիրքերը, և  որոնք՝ադրբեջանականը: Ժամանակ չկար հարմարվելու, որովհետեւ  բարձրությունը   3400  մետրից ավելին էր, անընդհատ ռմբակոծում էին, անընդհատ լսում էինք  անօդաչուների ձայները: Եվ մենք միմյանց  հետ նույնիսկ ծանոթանալու  ժամանակ  չունեինք: Տասնինը  հոգի էինք՝ Երեւանից եւ Արցախից:  Հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30 սկսեցին շատ ինտենսիվ կերպով ռմբակոծել, թեև նախորդ գիշերը  խաղաղ էր, ոչ մի  կրակոց, ԱԹՍ-ի ձայն չէինք լսել: Երկու ժամ հետո  դադարեցրին: Ռմբակոծության ժամանակ հակառակորդը պայթեցրեց  դիտակետը։ Քանի որ արդեն դիտակետը չկար, չէինք կարողանում հետեւել հակառակորդի շարժին, սակայն հրամանատարական դիտակետից  մեր տղաները տեսան, որ հրետակոծության ժամանակ հակառակորդը  հասել է մեր դիրքին, որտեղ սկսվեց կենաց-մահու կռիվ։ Նույնիսկ վիրավոր տղաները շարունակում էին կռիվը: Ցավոք,  հոգեբանական բարդությունները դեռ առջևում էին․սոսկալի ծանր էր հասկանալ և հավատալ, որ կորցրել ենք ընկերներ․ Երեւանի ՄՈԲ-ի տղաներից Համոն ու Սաքոն զոհվել էին, շատ ծանր է, երբ մարդը խոսում է իր ապագայի պլաններից, իսկ հետո տեսնում ես նրա անշնչացած մարմինը։

Տասնինը հոգին քիչ էր, որ այդ դիրքը կարողանանք պահել, օգնություն էինք խնդրել: Զորամասից մեզ չկարողացան օգնել․ ճանապարհները հրետակոծվում էին, առաջարկեցին դիրքը թողնենլ։ Բայց մենք դիրքը թողնել չէինք կարող, քանի որ քաջ գիտակցում էինք նրա ստրատեգիական նշանակությունը: Հրետակոծությունից հետո, համոզված, որ դիրքն արդեն իրենցն է, ադրբեջանցիները մոտեցան ընդհուպ խրամատներին, որոնց խիստ շփոթեցրեց մեր հակագրոհը․ չէին հավատում, որ այդ դիրքում ողջ մնացած մարդ կլինի։ Մարտը տևեց մոտ 8 ժամ։ Հակառակորդի  նահանջից հետո,  չնայած  տեղանքի բարդություններին,  մեր խումբը համալրվեց։ Դիրքեր նոր բարձրացած տղաները պատմում էին,որ հրամանատարական դիտակետում լիովին հետևել են  մեր մարտին, դիտել և լսել մանրամասներ։ Երբ նկատել են, որ թշնամին մտել է խրամատ,  գեներալներից մեկը, կարծելով, որ բարձունքն արդեն թշնամու ձեռքում է,արտասվախառն հեռացել է դիտակետից։ Երեկոյան վերջինս հրամայել է մշակել մարտավարական պլան՝ այդ խիստ արժեքավոր բարձունքը իր դիրքերով հետ գրավելու համար։ Զորամասի հրամանատարի պատասխանը, որ դիրքը տղաները չեն հանձնել և թշնամուն ստիպել են փախուստի դիմել՝ արտասվելու աստիճան հուզել և ոգևորել է, թվում է,  այլևս ոչնչից չզարմացող բարձրաստիճան զինվորականին։ Ռմբակոծություններն ու հրետակոծությունները պարբերաբար շարունակվեցին մինչև նոյեմբերի 10-ը։ Մեր ոգին չընկճվող էր, մարտունակ․կասեցվում էր ցանկացած գրոհ, նույնիսկ մեզ հաջողվեց չեզոքացնել պարբերաբար դիրքերը հետա]ուզող և ռմբակոծող մեկ  ինքնաթիռ։

Նոյեմբերի 10-ին մենք բախվեցինք իրողության հետ․ պատերազմն ավարտվել էր, համաձայնագիրը ստորագրվել․․․․ Այդ դժոխային լռության և անորոշության մեջ մնացինք մինչև նոյեմբերի 21-ը » ,- պատմում է  պատերազմի դժոխքով անցած երիտասարդը։

Համեմատելով ապրիլյան պատերազմի հետ՝ Նարեկը կարծում է, որ այն ժամանակ զորքի մեջ խուճապը քիչ էր, իսկ վերջին պատերազմի ժամանակ թե՛ խուճապն էր շատ, թե՛ ապատեղեկատվությունը։ Նարեկի եղբայրը՝ Սիփանը, հրաժարվում է խոսել, վերհիշել պատերազմի մասին: Մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանն, ասում է, որ Սիփանը գործի մարդ է, նրբազգաց, չի սիրում խոսել: Փոխարենն այսօր ամենից շատ խոսում են նրանք, ովքեր պատերազմի դաշտում չեն եղել, չեն մարտնչել, բայց ստվերում են իրական հերոսների պայքարը:

«Երբ ես զինկոմիսարիատում փորձում էի տղաներիցս տեղեկություն ստանալ, մեկը, որի ո՛չ անունը, ո՛չ էլ զինվորական կոչումն է տպավորվել, շատ սառնասրտորեն եւ  ցինիկաբար ասաց՝ է՜, չթողնեիր, որ գնային…Ես տեւական ժամանակ լուր չունեի իմ տղաներից, կարծում էի, որ պետք է երախտագետ, ակնածալից վերաբերմունքի արժանանամ այնտեղ: Շատերը, որոնք չներկայացան զինկոմսարիատներ,  նրանց ներվեց, այսինքն՝ ողջունվեց դասալքությունը: Ի պատիվ Արաբկիր վարչական շրջանի զինկոմի տեղակալ Կիրակոսյանի՝պետք է ասեմ, որ   շատ հարգալից  վերաբերմունք  ուներ զինվորների ծնողների հանդեպ, ի տարբերություն այլ աշխատակիցների: Իմ որդիները տասնինը հոգանոց խմբով  կռվել են յոթ հարյուր հոգանոց ադրբեջանական հրոսակների դեմ, որոնք  երկու հարյուր ութսուն զոհ են տվել: Իմ որդիները կռվել են այն համոզմամբ, որ պետք է պահեն հողը, նահանջ չկա: Նրանք այդ ընթացքում ոչ մի այլ բանի մասին չեն մտածել։Պատերազմն ունի իր ստվերոտ կողմերը, թացն ու չորը խառնվում են, բայց իրական հերոսները լռում են, և հենց այդ լռությունն է խոսուն և հավաստի>>, -նշում է տղաների մայրը։

Թագուհի Հակոբյան