Օգոստոսի 16-ի առավոտյան թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված 45-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը մի քանի ամիս առաջ էր ապաքինվել 44-օրյա պատերազնում ստացած վիրավորումից եւ կրկին անցել ծառայության:
«Պատերազմի ժամանակ վիրավորվել էր, ապաքինվել եւ կրկին անցել էր ծառայության»:Տեղեկությունը forrights.am-ի հետ զրույցում փոխանցեց Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը:
Վահան Թաթոսյանը Ջրառատ համայնքից էր, համայնքապետի փոխանցմամաբ՝ արդեն տասը տարուց ավելի է ինչ ծառայում էր Հայաստանի զինված ուժերում:
«Շատ լավ տղա էր, շատ հայրենասեր: Տանջվող, արարող ընտանիք է: Պայմանագրային զինծառայող էր, տաս տաուց ավելի է ծառայում էր»,- ասաց համայնքապետը:
Վահան Թաթոսյանն ամուսնացած էր, երկու երեխա ունի: «Մեկ տղա ուներ, բանակից նոր է վերադարձել, իսկ աղջիկն անչափահաս է»,- ասաց գյուղապետը:
Պաշտպանության նախարարության փոխանցմամաբ՝ 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը, ժամը 09:50-ի սահմաններում է զոհվել: Մինչ Վահան Թաթոյանի մահվան լուրը հայտնելը ՊՆ տեղեկացրել էր, որ անցած գիշեր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Պաշտպանական գերատեսչությունը նշել էր, որ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական կողմը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից այս հատվածում տուժածներ չկան:
Անցած գիշեր կրակոցներ են հնչել նաեւ Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտնեց համայնքի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը՝ նշելով, որ ադրբեջանական դիրքերը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են։ Վարչական ղեկավարի փոխանցմամաբ տուժածներ չկան:
«Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու: Նրանց անմիջապես դիմաց են տեղակայված ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ: Արավուս գյուղի ուղղությամբ ադրբեջանական այս գիշերվա կրակոցները հանցավոր են, խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կյանքն ու անվտանգությունը»,- միջադեպի վերաբերյալ հայտնել է ՄԻՊ-ը:
Հայ-ադրբեջանական սահմանին ամենօրյա միջադեպեր են գրանցվում այս տարվա մայիսի 12-իս սկսած, երբ ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի տեղակայվեց մի քանի կիլոմետր խորության վրա։
Հուլիսի 14-ից սկսած ադրբեջանական զինուժը կրակում է նաեւ Երասխի դիրքերի ուղղությամբ: Այդ օրը սկսած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից զոհվել էր մեկ զինծառայող, ադրբեջանական կողմից, ըստ պաշտոնական աղբյուրների, մեկ զինծառայող վիրավորվել էր: Հուլիսի 20-ին էլ մարմնական վիրավորում էր ստացել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը:
Հուլիսի 28-ին մարտական գործողություններ էին ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում,հայկական կողմից զոհվել էր երեք, վիրավորվել՝ երկու զինծառայող, ադրբեջանական կողմն այդ օրը հաղորդել էր իր երկու վիրավորի մասին: Շփման այս գոտում մեկ զոհ էլ ունեցել էին մայիսի 25-ին:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: