«Ալվինա Գյուլումյանի կողմից բարոյական չեմ համարում հետպատերազմական իրավիճակում պետությունից այդ գումարը պոկելը»

123

Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կփոխանցվի Սահմանադրական դատարանի աշխատակազմին ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին չվճարված հավելավճարի գումարը փոխհատուցելու նպատակով: Որոշման նախագիծն ընդունվել է երեկ կառավարության նիստի ընթացքում: ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հունիսի 11-ին մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի վճռաբեկ բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար դրամի չափով: Նշված ժամանակահատվածի համար վճարման ենթակա գումարը կազմում է 16.9 մլն դրամ: Հիշեցնենք՝

2020 թվականին ԱԺ-ի կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնից:


Փաստաբան Լուսինե Հակոբյանը Վճռաբեկ դատարանի այս որոշումը խտրական է համարում, քանի որ հայցվոր կողմը եղել է իրենց գործընկերը:

«Սահմանադրական դատարանը չէր կարող այդ որոշումը վիճարկել, որովհետեւ դա վճռաբեկ դատարանի որոշում էր եւ այլեւս իրավական հնարավորություն չկար որոշումը վիճարկելու: Վճռաբեկ դատարանի այս որոշումը միանշանակ խտրական է, մենք չենք մոռանում Հյուսիսային պողոտայի ունեզրկված բազում քաղաքացիներին, որոնք մինչ այսօր, թեկուզեւ, ՄԻԵԴ-ի՝ իրենց օգտին վճիռների առկայության պայմաններում չեն կարողանում պետությունից համարժեք փոխհատուցում ստանալ իրենց կրած վնասների համար: Այստեղ մեծ մեղքի բաժին ունի վճռաբեկ դատարանը»,- ասաց նա:

Լուսինե Հակոբյանը շեշտում է, որ վճռաբեկ դատարանը նման արագույթյամբ չի բավարարում շարքային քաղաքացիների ունեզրկման վերաբերյալ հայցադիմումները:

«Վճռաբեկ դատարանը բազում ունեզրկված քաղաքացիների շահերը չի կարողացել պաշտպանի, կամք չի դրսեւորել պաշտպանելու համար, իսկ այս ֆոնին հետպատերազմական Հայաստանում իրենց կոլեգայի բավական բարձր հավելավճարների պահանջը բավարարելը չեմ գնահատում արդար»,- ասում է նա եւ ընդգծում, որ բարձր դատարանի նախկին դատավոր կողմից էլ բարոյական չէր հետմատերազմական իրավիճակում խոշոր գումար «պոկել» պետությունից:

«Ալվինա Գյուլումյանի կողմից բարոյական չեմ համարում, երբ հետպատերազմական Հայաստանում կան բազում խնդիրներ, հազարավոր հաշմանդամներ տեղահանված անձիք, որոնք բնակարանով ապահոված չեն, կան տնտեսական բազում խնդիրներ, իսկ ինքը նման հայց է պնդում: Չեմ խուսափի ասել, որ պետությունից այդ գումարը պոկելը բարոյական չէ:»,- նշեց Լուսինե Հակոբյանը:

Պետությունից շուրջ 17 մլն դրամ պահանջելու ֆոնին ուշագրավ է, որ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը նյութական խնդիրներ չունի, ավելին բավականին ապահոված է իր կարողությամբ: Այսպիսով Գյուլումյանի ունեցվածքի մասին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա բնակարան եւ ավտոկայանատեղի ունի Երեւանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցում, մեկ բնակարան էլ ունի Ֆրանսիայի Ալպ-Մարիտիմ Նիցայում եւ երկու հողամաս Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում: Ալվինա Գյուլումյանը համասեփականատեր է: Հայտարարագրել է նաեւ MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա:

Ալվինա Գյուլումյանը 2020-ի դրությամբ 68 հազար եվրոյի բանկային ավանդ եւ հանձնած փոխառություն է ունեցել: Նա այդ թվականին շուրջ տասը միլիոն դրամի եկամուտ է ստացել ՍԴ-ից, Եվրոպական համալսարանից, Փաստաբանների դպրոցից, դատական ակադեմիայից, փոխառություններից եւ 2,900 եվրո էլ վարձակալությամբ տրված գույքի դիմաց: Նրա կանխիկ միջոցները կազմել են 12,7 հազար եվրո:

Նարեկ Կիրակոսյան