Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում կրքերն այնքան թեժացան «Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորների միջև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, իսկ քիչ անց հորդորեց անջատել նիստերի ուղիղ հեռարձակումը։
«Հետք» ինտերնետային թերթը նաև տեսանյութ ու տեղեկություն հրապարակեց, որից պարզ դարձավ, որ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել լրագրողներին իրենց համար նախատեսված օթյակից նկարահանել նիստերի դահլիճում տեղի ունեցողը, իսկ այնուհետեւ արգելեցին լրագրողներին առհասարակ մուտք գործել օթյակ։
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ խորհրդարանի աշխատանքում կարող են լինել այնպիսի կարգավորումներ, որոնք չեն ենթադրում որևէ ուղիղ հեռարձակում, եթե աշխատանքային գործընթաց չի լուսաբանվում։ «Սակայն ամեն ինչ կախված է տվյալ երկրի, տվյալ օրենսդիր մարմնի աշխատանքի ավանդույթներից, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Եվ կարծում եմ, որ Հայաստանում այլ ավանդույթ է ձևավորվել 31 տարիների ընթացքում, որը ենթադրում է, որ լրագրողները կարող են լուսաբանել ցանկացած իրադարձություն, ցանկացած իրավիճակ», — նշեց նա։
Ըստ Նավասարդյանի՝ ընդունելի չէ կտրուկ միջոցներով, այն էլ այսպիսի սահմանափակումներով, այդ ավանդույթը փոխելը։ «Մանավանդ որ դա փոխվում է առանց հավատարմագրված լրագրողների և ընդհանրապես լրագրողական հանրության հետ լուրջ խորհրդակցությունների։ Սակայն բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկում է վերջին օրերին Ազգային ժողովի ղեկավարությունը, միանգամայն այլ տրամաբանության մեջ է։ Եվ դա շատ մտահոգիչ է։ Կարծում եմ՝ դա վնաս կհասցնի և՛ խորհրդարանի աշխատանքին, և՛ ամենակարևորը, մեր հանրության իրազեկվածությանը», — եզրափակեց Երևանի մամուլի ակումբի ղեկավարը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ միջադեպի ընթացքում Ալեն Սիմոնյանի կողմից հեռարձակումն անջատելու վերաբերյալ հրահանգը լիազորությունների գերազանցում է։
«Որովհետև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով չի նախատեսվում, որ ԱԺ նախագահը որևէ պարագայում իրավունք ունի դադարեցնել հեռարձակումը։ Եվ հակառակը, դա հանրային արժեք ունեցող տեղեկատվություն է, և հանրությունն իրավունք ունի և պետք է իմանա, թե Ազգային ժողովում ով ով է, և որ պատգամավորն ինչպես է իրեն դրսևորում», — ընդգծեց Մելիքյանը։
Ըստ ԽԱՊԿ ղեկավարի՝ առավել մտահոգիչ է այն, որ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի լրագրողներն իրենց համար հատկացված օթյակից նկարահանումներ կատարեն։
«Այս արգելքը ոչ այլ ինչ է, քան գրաքննություն։ Այն էլ ոչ այն պաշտոնյաների կողմից, որոնք որ պատասխանատու են լրագրողների աշխատանքի համար։ Անվտանգության աշխատակիցների լիազորությունների մեջ ամենևին էլ չի մտնում որոշելը, թե ինչ պետք է լրագրողները նկարահանեն, իսկ ինչը՝ ոչ։ Բացի դա, լրագրողների առջև դրված այդ արգելքը հերթական անհիմն սահմանափակումն է։ Մենք խիստ դատապարտում ենք այդ սահմանափակումները։ Եվ մեր դիրքորոշումը կարտահայտենք հատուկ հայտարարությամբ, որը որ կընդունենք այսօր», — եզրափակեց Մելիքյանը։
Սերգեյ Առաքելյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: