«Երբ գնում ես ռազմաճակատ, չես մտածում զոհվելու մասին. գիտակցում ես, որ կարող է ամեն ինչ լինի, գիտես՝ գնում ես կռվելու… »

472

Հատուկ նշանակության զորքերի ծառայող Սերյոժա Մարգարյանը մահացու վիրավորում էր ստացել Իշխանաձորում` հոկտեմբերի 20-ին: ԱԹՍ հարվածից նրա երկու ծառայակից ընկերները տեղում զոհվել էին, իսկ Սերյոժան տեղափոխվել էր հիվանդանոց եւ մահացել էր վեց օր անց` գիտակցության չգալով:

Զոհված զինվորականի հայրը` Հմայակ Մարգարյանը ազատամարտիկ է եղել, ասում է` մասնակցել է երեք պատերազմի: Հենց հոր կյանքը տեսնելով էր Սերյոժան որոշել դառնալ զինվորական ու կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը:

Սերյոժան 30 տարեկան էր: Սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում, ապա անցել զինվորական ծառայության: Ծառայության ընթացքում եղել է նաեւ Սիրիայում` խաղաղապահ զորքերում:

Սեպտեմբերի 27- ին նա տանն է եղել` արձակուրդում, պատերազմի մասին իմանալով անմիջապես վերադարձել էր ծառայության:

Մեր այցելությա պահին Մարգարյանների տանն էին Սերյոժայի ծառայակից ընկերները: «Երեք ընկերներ մի տեղ են եղել: Մեր կողմից հակահարձակում էր: Բայրակթարով խոցել են երեքին: Մյուս երկու տղաները տեղում զոհվել են: Սերգոին բերեցին Երեւան: Շատ ծանր վիճակում էր… Երբ գնում ես ռազմաճակատ, չես մտածում զոհվելու մասին: Գիտակցում ես, որ կարող է ամեն ինչ լինի, բայց գիտես` գնում ես կռվելու… Պատերազմը ունի իր կանոնները: Մենք պատրաստված էինք: Եթե մնաինք բունկեռում, մեզ պաշտպանված կզգաինք, իհարկե, բայց մենք կռվել ենք, ռազմաճակատում ենք եղել, բոլորը անում էին անհնարինը»,- պատասխանելով մեր հարցերին, ասաց զոհված զինվորի ընկերը:

Զինվորականի մայրը պատմում է, որ որդին բնավորությամբ ուրախ է եղել, անգամ պատերազմի ժամանակ վիդեոզանգ անելով ու մոր հետ խոսելիս կատակներ է երել, ծիծաղել է, փորձել է բարձրացնել նրա տրամադրությունը:

Պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 17-ին մեկ օրով եկել էր տուն: Այդ օրը նրան վերջին անգամ են տեսել: Երեք օր անց նա ստացել է ծանր վիրավորումը: «Նա էլի ինչպես միշտ ուրախ ու զվարթ էր: Կարծես պատերազմից եկած չլիներ, կարծես ուղղակի մի ֆիլմ տեսած լիներ ու տուն եկած լիներ»,- ասում է մայրը:

Զինծառայողը բեկորային վիրավորում էր ստացել գլխի հատվածում: Հայրն ասում է` տեսարանը շատ դաժան էր ու պարզ էր, որ վիրավորումը չափազանց ծանր է: Այդ պատճառով մորը թույլ չեն տվել մտնել որդու հիվանդասենյակ եւ վերջին անգամ տեսակցել նրան:

Անի Գեւորգյան