Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կմնա կալանավորված․դատարանը մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը

71

Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, այսօր մերժեց նրա կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։

Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը «Forrights.am»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, բայց այն համարում են անօրինական։

Տիգրան Սահակյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 314-րդ հոդվածով՝ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի մեջ։ Նախորդ ամիս, երբ Սարգսյանը դեռ պատգամավորի թեկնածու էր, Դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում իրականացնելու համար, ինչը բավարարվել էր։ «Հայաստան» խմբակցությունը, սակայն, այժմ հայտարարել է, որ Սարգսյանը ապօրինի է պահվում կալանքի տալ, քանի որ պատգամավոր դառնալուց հետո նրա պատգամավորական անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվի նաեւ Ազգային ժողովում։

Սարգսյանի կալանավորման դեմ բողոքի քննության առաջին նիստին պաշտպան Էմին Խաչատրյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ կասկածի տակ դնելով վերջինիս անաչառությունը։ Մեր զրույցում պաշտպանը պարզաբանեց, որ պատճառն այն էր, որ բողոքը դատավոր Տիգրան Սահակյանը՝ որպես դատարանի նախագահ, ինքն իրեն մակագրել էր ձեռքով, քանի որ ավտոմատ մակագրման համակարգիչները Ազգային անվտանգության ծառայությունն առգրավել է հարուցված քրեական գործի շրջանակում։

Պաշտպանը հիշեցրեց, որ ավտոմատ մակագրման համակարգիչների բացակայության պայմաններում բողոքները  դատավորներին ըստ նրանց անվան այբբենական հերթականության են մակագրվում, եւ իրենց կասկածները փարատելու համար իրենք դատարանից որեւէ արձանագրություն, փաստաթուղթ, ծանրակշիռ փաստ էին պահանջել, որպեսզի վստահ լինեն, որ օրենքով սահմանված կարգը պահպանվել է, սակայն դատարանը միայն բանավոր պնդումներ է ներկայացրել, որոնք իրենք բավարար չեն համարել․ «Կասկած է առաջացրել նաեւ այն հանգամանքը, որ ստորադաս դատարանի՝ կալանավորման ակտ կայացրած դատավոր Մարինե Մելքոնյանը երկար տարիներ աշխատել է Տիգրան Սահակյանի աշխատակազմում, եւ հնարավոր է՝ որոշակի կաշկանդվածություն դա էլ առաջացներ»։

Էմին Խաչատրյանը չբացառեց, որ դատարանի որոշումը ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո նաեւ վճռաբեկ բողոք կներկայացնեն․ «Բնականաբար ներկայացնելու ենք, ուղղակի առանձնակի մեծ հույսեր չկան՝ հաշվի առնելով ժամկետների հանգամանքը, կալանքը երկու ամսով են տվել, եւ դրանից գրեթե 20 օր անցել է, հիմա մինչեւ որոշումը ստանանք, սահմանված ժամկետում բողոք ներկայացնենք, ժամանակավրեպ կլինի, բայց կցանկանանք, որ խախտումներն արձանագրվեն, ներպետական ատյանները սպառենք, որովհետեւ դա անհրաժեշտ է, որ հնարավորության դեպքում մեր պաշտպանյալի հետ քննարկենք ՄԻԵԴ դիմելու հարցը»։

Միլենա Խաչիկյան