8-րդ գումարման Ազգային ժողովի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ անցնում են քրեական գործերով: Նրանց թվում են ԱԺ փոխնախագահ, խմբակցության ղեկավարներ եւ այլ պատգամավորներ:
Այսպես՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) 2020 թվականի մարտին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու կասկածանքով: Օհանյանը նաեւ անցնում էր Մարտի մեկի գործով, սակայն, Սահմանադրական դատարանը մեղադրական հոդվածը հակասահմանադրական ճանաչեց:
Այս խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էլ անցնում է փողերի լվացման գործով: 2021 թվականի մայիսին ՀՔԾ-ն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրել ապօրինի ճանապարհով շուրջ 5 միլիարդ դրամի եկամուտներն օրինականացնելու համար: Արմեն Գևորգյանը եւս Մարտի 1-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ և արդարացվեց Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչվելուց հետո։ Արմեն Գեւորգսյանն անցնում է նաեււ գործարար Սիլվա Համբարձումյանից 14 միլիոն դոլար կաշառք ստանալու գործը, որով անցնում է Ռոբերտ Քոչարյանը:
«Հայաստան» խմբակցությունից քրեական գործով անցնող Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանն էլ կալանքի տակ է: Նա մեղադրվում է Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հիշեցնենք՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 21-ին այցելել էր Սյունիքի մարզ։ Ագարակում և Մեղրիում Փաշինյանին դիմավորել էին հայհոյանքերով եւ խոչընդոտել հանդիպումները: Մխիթար Զաքարյանը մեղադրվում է նաեւ համայնքային հողատարածքներն ապօրինի օտարելու համար:
Սիսյան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը, որը «Հայաստան» խմբակցության կալանքի մեջ գտնվող պատգանավորներից է անցնում է պաշտոնական դիրքի չարաշահման քրգործով: 2016 թվականի դեկտեմբերին համայնքի կարիքների համար ծախսվել է 10.230.000 ՀՀ դրամ, մինչդեռ մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած մեկ այլ ընկերություն՝ առաջարկել է ավելի ցածր գին՝ 6.598.950 ՀՀ դրամ:
Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել մի շարք պատգամավորների: գործով անցնում են ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը եւ Գեղամ Մանուկյանը: Նրանք, ըստ ՀՔԾ-ի, նախորդ տարվա նոյեմբերի 11-ին 17 կուսակցություների հետ համատեղ հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում:
Արթուր Վանեցյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով։ Ըստ ԱԱԾ-ի՝ Վանեցյանը «նախնական համաձայնության գալով Աշոտ Արարատի Ավագյանի, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի և Աշոտ Հրանտի Մինասյանի հետ, դիտավորությամբ ստեղծելով այլ պայմաններ՝ նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով»։
Քրգործերով անցնում է «Պատիվ ունեմ» խմբակցությունից Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քննչական կոմիտեի փոխանցմամաբ՝ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ 2011, 2012, 2014 թվականներին մի քանի դպրոցների հողատարածքներն անհիմն նվազեցվել են, իսկ քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքենրով շուկայականից ցածր արժեքներով օտարվել մի դեպքում Մարգարյանի սանիկին ու տվյալ դպրոցի տնօրենի ամուսնուն, իսկ մեկ այլ դեպքում էլ Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ դպրոցի տնօրենի հորը։ Մեկ այլ քրգործով էլ ուսումնասիրվում է Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը Գագիկ Ծառուկյանի հետ միասին անցնում է ընտրակաշառքի քրգործով: ԱԱԾ-ն 2020 թվականիհունիսին քրեական գործ էր հարուցել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերի առթիվ։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները: 2017-ին Իշխան Զաքարյանը զբաղեցնում էր ԲՀԿ շտաբի ղեկավարի պաշտոնը։
Քրգործով է անցնում նաեւ ԱԺ նախագահի իշխանական տեղակալ Հակոբ Արշակյանը: Գլխավոր դատախազությունը 2021թվականի ապրիլին քրեական գործ է հարուցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջադեպի գործով, հոդվածը գույքը դիտավորությամբ վնասելն է՝ կապված անձի ծառայողական պարտքը կատարելու հետ: Ըստ Քրեական օրենսգրքի՝ այս արարքի պատիժն ազատազրկումն է` առավելագույնը չորս տարի ժամկետով:
Իրավապաշտպան վարդան Հարությունյանը Forrights.am»-ի հետ զրույցում նշում է, որ սա մեր իրականության դրսեւորումն է: «Մեր իրականությունը բեւեռացված է, թշնամության պաշարը շատ մեծ եւ դա այդ տեսքով է արտահայտվում, որ քաղաքական գործիչները հայտնվում են նման գործերում»,- ասաց նա:
Իրավապաշտպանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիվն են մեղավոր, որ նախկին իշխանության ներկայացուցիչները իրենց արարքների համար ոչ միայն պատասխանատվություն չեն կրել եւ գտնվում են ազատության մեջ, այլ նաեւ հայտնվել են խորհրդարանում: «Նոր իշխանություններն ամեն ինչ արեցին, որ իրենց հակառակորդները լինեն նախկինները: Նրանց հաշվին եւ նրանց շնորհիվ էին, որ կարող էին հաղթել: Նրանք պետք է միմյանց ամեն օր շնորհակալություն հայտնել, նրանք մոլորեցրեցին ժողովրդին ընտրությունները ներկայացնելով միայն «նորերի» եւ «հների» պայքար: Միայն մոլորված ընտրողը գնաց եւ ընտրեց այս երկուսից մեկին»,- նշեց Վարդան Հարությունյանը:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: