Քրեակատարողական հիմնարկները թողտվության մեջ են եւ խոշտանգումները այնտեղ շարունակվում են։ «Մեդիա Կենտրոն»-ում այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ասուլիսը հրավիրվել էր «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Կարեն Հովհաննիսյանի կողմից բարձրացված ահազանգի թեմայով։ Ալեքսանյանի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ երկու տարի առաջ, երբ ինքը հացադուլի մեջ է եղել եւ գտնվել է «Նուբարաշեն»  ՔԿՀ-ում, տեղի աշխատակիցները իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետեւանքով ինքը առողջական խնդիրներ է ձեռք բերել։

Կարեն Հովհաննիսյանը կալանավորված է 2018 թվականից։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 167․1-րդ հոդվածով՝ առանձին դաժանությամբ սպանության եւ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու մեջ։

Ժաննա Ալեքսանյանն այսօր մանրամասներ պատմեց իր եւ Հովհաննիսյանի հանդիպումից՝ նշելով որ թեեւ նախկինում «Արմավիր» ՔԿՀ այցելելիս որեւէ խոչընդոտ չի եղել եւ իրեն միշտ սիրալիր են ընդունել, սակայն Հովհաննիսյանի դեպքում արտառոց իրավիճակ էր ստեղծվել․

«Մոտ երկու ամիս առաջ, երբ Հովհաննիսյանը դեռեւս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էր, իր ընտանիքի միջոցով տեղեկացնում էր, որ այցելեմ իրեն, բայց դա շատ տարօրինակ արձագանք էր ստանում, եւ ՔԿ ծառայության մամուլի բաժնից ինձ ասում էին, որ նա հրաժարվում է հանդիպել, ես զգում էի նեգատիվ վերաբերմունք նրա նկատմամբ, եւ դրանով հետաքրքրությունս ավելի էր մեծանում»։

Ալեքսանյանի խոսքով՝ վերջում արդեն ստիպված են եղել իրեն թույլ տալ հանդիպել, եւ ինքը նախապես պայմանավորվել ու գնացել է․ «Սովորականի նման գնացի պետի աշխատասենյակ, պետի քարտուղարուհին ինձ շատ չոր ասաց, որ պետը տեղում չէ, հետո պետի տեղակալը նշեց, որ չի ստացել թույլտվությունը, եւ կես ժամ  ինձ պահեց իր աշխատասենյակում»։

Ալեքսանյանի խոսքով՝ ի վերջո հանդիպումը կազմակերպեցին զուգարանի նախասրահում  եւ մի աշխատակցի էլ ուղարկեցին, որպեսզի հսկի իրենց զրույցը․ «Դուռը բաց էին թողել եւ աղմուկ էին կազմակերպել, որ ինչքան հնարավոր է, խանգարեին, ես ստիպված եղա պետի տեղակալին հեռախոսով զգուշացնել, որ մեզ չեն թողնում աշխատել, որից հետո միայն այդ մարդը դուրս եկավ, բայց հետո էլ սկսվեց հոսք դեպի զուգարան, դուռը բաց թողեցին եւ ամբարտավան տոնով խոսում էին, եւ ես հասկացա, որ այդ ամենը նախապես կազմակերպված է, եւ ամենասարսափելին այն է, որ ողջ անձնակազմը մասնակցում է դրան, ողջ համակարգը մեկ մարդու դեմ է, ինչը խորհրդային ժամանակներն  է հիշեցնում, եւ դա հարիր չէ Արդարադատության նախարարությանը»։

Զրույցի ընթացքում կալանավորը պատմել է, որ ձերբակալման օրը իրեն տարել են ոստիկանության բաժին, այնտեղ՝ խոշտանգել, իսկ հետո, երբ կալանավայրում հացադուլ է արել, 27-րդ օրը, խուց են մտել ՔԿՀ 6 աշխատակիցներ, հայհոյել իրեն, ինչին ինքը պատասխանել է եւ սկսել են իրեն ծեծել․

«Եվ պատկերացրեք՝ ինչ դիմադրողականություն կունենա մարդը հացադուլի 27-րդ օրը, որին ծեծում են, իսկ ո՞վ կարող է ծեծել կալանավորին, եթե չունենա թույլտվություն, որեւէ մեկը չի վերցնի այդպիսի պատասխանատվություն»,- ասաց Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի եւս ՔԿՀ-ներում բռնության դեպքեր էին արձանագրվել, եւ արդեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարերել էր, որ դրանք եղել են իրավաչափ եւ համաչափ, մինչդեռ Դիտորդական խումբը ՔԿՀ կատարած այցի ժամանակ հակառակն էր փաստել․

«Բադասյանը լավ համակարգ չի հանձնել Կարեն Անդրեասյանին, շատ ցավում եմ, որ նրա օրոք այս վիճակն էր տիրում, ոչ ոք չի պատժվել մինչեւ հիմա, որովհետեւ Դատախազությանը պատիվ չի բերում, որ որեւէ խոշտանգում բացահայտեն, նրանք խոշտանգումների վրա աչք են փակում եւ պահ տալիս Արդարադատության նախարարությանը, եւ նախարարությունն էլ սրբորեն կատարում է ադ պարտքը»։

Անդրադառնալով նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին՝ իրավապաշտպանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպան աշխատելու տարիներին նա բավականին խիստ էր արձագանքում խոշտանգումներին․ «Անդրեասյանը լավ տեղյակ է ՔԿՀ-ներին, բազմաթիվ զեկույցներ է գրել,եւ ես  հույս ունեմ, որ այս իրավիճակը կփոխի»։

Կալանավոր Կարեն Հովհաննիսյանի պաշտպան Սագիս Խաչատրյանի խոսքով էլ՝ Հովհաննիսյանը կալանավայրում ձեռք է բերել լյարդի, ստամոքսի, բարձր ճնշման այնպիսի խնդիրներ, որոնք կալանքի հետ անհամատեղելի են․

 «2019 թվականին, երբ ես ստանձնեցի նրա պաշտպանութունը, ապշեցի, որովհետեւ նրան նախկինում էլ ճանաչել էի, հաղթանդամ, առողջ տղամարդ էր, իսկ այդ ժամանակ գամված էր անվասայլակին, աջակողմյան մասը թուլացած էր, եւ դա խոշտանգման կամ որեւէ այլ միջամտության հետեւանք կարող է լինել»։ Պաշտպանի խոսքով՝ նրա բժշկական փաստաթղթերում էական հակասություններ կան,  էպիկրիզներից մեկում գրել են, որ նա հիվանդանոցից լավացումով է դուրս գրվել, մինչդեռ ըստ պաշտպանի՝ առկա է բացասական դինամիկա․

«Ունենք անգամ բժշկական փաստաթուղթ, ըստ որի՝ նա անցել է  Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) հետազոտություն եւ տրվել է եզրակացություն, բայց նման բան չի եղել, նրան տարել էին՝ ՄՌՏ անելու, սակայն պատճառաբանեցին, որ նա քաշով շատ ծանր է, եւ դա անհամատեղելի է սարքի հետ»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ փորձ է արվում խոշտանգման հանգամանքը ծածկադմփոց անել․ «Այսպիսի առողջական վիճակով կալանավայրում գտնվելն արդեն խոշտանգում է»,- նշեց նա։

Պաշտպանի խոսքով՝  իրենք ունեն բազմաթիվ ապացույցներ, եւ եթե պատկան մարմինները նպատակահարմար գտնեն, ուզեն հետաքրքրվել, ինքը պատրաստ է հանդիպել նրանց։

Նշենք նաեւ, որ պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 130-րդ հոդվածով՝ բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Դատարանի որոշմամբ էլ այժմ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվել՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։

Հավելենք, որ «Մեդիա կենտրոն»-ն այսօր հրավեր էր ուղարկել Արդարադատության նախարարությանը, որտեղից պատասխանել են, որ բարձրացված խնդիրն ուսումնասիրման փուլում է եւ վաղաժամ մեկնաբանություն տալ չեն կարող տալ։ Հրավեր է ուղարկվել նաեւ ՄԻՊ-ի գրասենյակ, սակայն այնտեղից տեղեկացրել են, որ մասնակցել չեն կարող։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest