Առողջ, երիտասարդ տղամարդը բերդ է մտել և երկու տարում վերածվել է սայլակին գամված ծերունու

220

«Պանտերա» պահնորդական ծառայության նախկին աշխատակից Կարեն Հովհաննիսյանը, որին 2018 թվականից մեղադրում են նախկին ընկերուհու  սպանության համար և պահում են կալանավայրում, այս տարիներին անընդհատ պայքարել է մեղադրանքի դեմ: Երկու անգամ ծեծի ու խոշտանգումների է ենթարկվել ոստիկանների և բերդի աշխատողների կողմից: Առողջ, հաղթանդամ տղամարդը բերդ է մտել 37 տարեկանում: Այսօր նա սայլակին գամված ծերունի է, երկրորդ կարգի հաշմանդամ:

2019 թվականին, երբ Կարեն Հովհաննիսյանը հացադուլ էր հայտարարել, պահանջելով վերանայել կալանքի որոշումը, «Նուբարշեն» ՔԿՀ աշխատակիցները պարբերբար մտել են հացադուլավորի մոտ և խուզարկության պատրվակով կտտանքների են ենթարկել նրան: Արյունքում  Հովհաննիսյանը ձեռք է բերել կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ: Նրա փաստաբանները մի քանի անգամ միջնորդել են փոխել խափանման միջոց կալանքը: Բոլոր միջնորդությունները մերժվել են:

Հետաքրքիր է, որ գործի շրջանակներում դատակոչված վկաներից մեկը  խոստովանել է, որ ինքն է կազմակերպել կնոջ սպանությունը, քանի որ նա իրեն գումար էր պարտք, ինքն է ուղարկել նրա մոտ մարդկանց: Անգամ դրանից հետո Կարեն Հովհաննիսյանին շարունակել են պահել կալանքի տակ:

Ինչո՞ւ են սայլակին գամված դատապարտյալին շարունակում պահել կալանքի տակ, ինչով է նա վտանգավոր: Մեր հարցին պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Այդ գործը արդեն երկու տարի է՝ դատարանում է, այսինքն խափանման միջոցի, տվյալ դեպքում կալանքի ընտրության հարցը դատարանի իրավասության շրջանակներում է, ոչ թե դատախազության: Մի քանի անգամ դատարանը մերժել է խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները, բայց մեկ ամիս առաջ նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ կալանքի հետ իր հիվանդության համատեղելիությունը որոշելու նպատակով: Փորձագիտական եզրակացությունը դեռևս չկա: Այդ եզրակացության արդյունքներից ելնելով դատարանը որոշում կընդունի կալանքի շարունակման, կամ անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինելու առնչությամբ»:

Շենգավիթի ոստիկանների կողմից Կարեն Հովհաննիսյանին ծեծի ենթարկելու փաստով 2018 թվականին գործ է հարուցվել, կարճ ժամանակ քննվել է ՀՔԾ-ում, ապա կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին մեր հարցմանն ի պատասծան հայտնեցին ՀՔԾ-ից:

 Մեկ այլ քրեական գործ Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա քննվում է ՔԿ քննչականում: Այն հարուցված է 2020 թվականին քրեական օրենսգրքի 130-րդ հդվածով՝ «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»: Հաղորդումը ներկայացրել է Կարեն Հովհաննիսյանի փաստաբան Սարգիս Խաչատրյանը:

Forrights.am-ին հայտնեց, որ հաղորդումը տվել է Հովհաննիսյանի առողջական վիճակի վերաբերյալ, որ Հովհաննիսյանը այս գործի շրջանակներում ցուցմունք է տվել առ այն, որ ինքը խոշտանգման է ենթարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչը և առաջացրել է ծանր առողջական խնդիրներ և հաշմանդամություն: Սակայն քննիչներին այս հանգամանքը չի հետաքրքրել: Խոշտանգումների վերաբերյալ նախաքննություն չի կատարվել:

 «Նա ասել է, որ ինքը հաշմանդամ է դարձել բերդի բժիշկների սխալ բուժումների և խոշտանգումների հետևանքով՝ որ իրեն ծեծել են, որ նա ինսուլտ է ստացել, սրտի հետ կապված խնդիրներ և այլն: Բժշկական փաստաթղթերում սխալ տեղեկություններ են լրացրել: Օրինակ, գրել են, որ նա բավարար բուժում է ստացել, առողջացել է և դուրս է գրվել, մինչդեռ նա նույն վիճակում է: Էպիկրիզում գրել են, որ դեղորայքային բուժում է ստացել, այնինչ նա տվյալ ժամանակահատվածում եղել է հացադուլի մեջ և  նրան բուժելու իրավունք չունեին: Նրան ՄՌՏ հետազոտության են ենթարկել «Էրեբունի» ԲԿ-ում, մենք դիսկը պահանջել ենք, բայց այն կորել է, մեզ չեն տրամադրել», — ասում է փաստաբանը:

 2020 թվականի մայիսի 20-ին բժշկասոցիալական փորձաքննությամբ Կարեն Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է <<Հիպերտոնիկ հիվանդություն՝ 3-րդ աստիճանի>>, որը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 40-րդ կետին: Բացի այդ, ամբաստանյալի մոտ 2020 թվականի մայիսի 7-ի հետազոտության համաձայն՝ ախտորոշվել է գլխուղեղի  կաթված, զարկերակային բարձր ճնշում, աջ ողնաշարային զարկերակի հիպոպլազիա, աջ վերծնոտային խոռոչի կիստա>>, մնացորդային երևույթներ կրած ինսուլտից հետո և այլն:

Կարեն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ իր բժշկական փաստաթղթերը կեղծվել են, իր հաշմանդամության կարգը, որը երկրորդն էր, ապօրինաբար վերանայվել է: Նա համոզված է, որ այդ ամենը դիտավորյալ է արվում՝ որ իրեն շարունակեն պահել կալանքի տակ:

Սյուզան Սիմոնյան