«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրությունը։
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողներին հայտնեց, որ իրենց համոզմամբ՝ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտմամբ։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը եւս նման կարծիք հայտնեց՝ նշելով, որ իրենք եւս դիմելու են ՍԴ։
Բանն այն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կալանավորված են, ինչով պայմանավորված էլ երեկ չեն մասնակցել Աժ նիստին, մինչդեռ «Հայաստան» խմբակցությունը որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել էր Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ Արթուր Սարգսյանի։ Երկուսն էլ մեղադրվում են ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի մեջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ին համաձայնություն է տվել նրանց՝ որպես պատգամավորի թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու համար, սակայն խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ խորհրդարանի ձեւավորումից հետո, երբ նրանք արդեն ձեռք են բերել պատգամավորի կարգավիճակ, անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն պետք է ստանալ նաեւ ԱԺ-ից։
Այս կարգավորումները սահմանված են ՀՀ սահմանադրությամբ եւ «Ընտրական» օրենսգրքով։ Մասնավորապես, օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ: Իսկ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ: Պատգամավորն առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը աննորմալ է, հետեւաբար դրա հիման վրա ԱԺ նախագահի ընտրությունը՝ անօրինական․ «Չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը, եւ համարել, որ այդ ընտրությունը նորմալ, հավասար, մրցակցային պայմաններում է եղել, դա նույնն է, որ ԿԸՀ-ն գրանցի որեւէ թեկնածուի, բայց նրան թույլ չտան մասնակցել ընտրարշավի, հիմա ԱԺ-ն հաստատում է, որ այդ անձինք պատգամավորներ են, բայց պատգամավորի լիազորությունները, ըստ էության, կասեցվում են»։
Արձագանքելով խորհրդարանական ընդդիմության այս դիրքորոշմանը՝ երեկ պարզաբանում էր տարածել ՀՀ դատախազությունը՝ նշելով, որ Սահմանադրության 96-րդ հոդվածը ենթադրում է, որ ԱԺ համաձայնությունը անհրաժեշտ է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրան ազատությունից զրկելու համար, եւ այն չի ենթադրում, որ ԱԺ-ն համաձայնություն պետք է տա նաեւ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը։ Ռուստամյանն այսօր անհեթեթ որակեց այս պարզաբանումը՝ նշելով, որ հանրության համար էլ օգտակար կլինի իմանալ՝ ի վերջո կատարվե՞լ է կամայականություն թե՞ ոչ։
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը «Forrights.am»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անկախ ԿԸՀ-ի կողմից անձեռնմխելիության հաղթահարված լինելու հանգամանքից, երբ անձը դառնում է ԱԺ պատգամավոր, պետք է նրա անձեռնմխելիությունը ԱԺ-ում եւս հաղթահարվի․ «Կարգավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, հիմա խոսքը վերաբերում է պատգամավորին, ոչ թեկնածուին, եւ մենք չենք կարող պատգամավորին նույնացնել պատգամավորի թեկնածուի հետ, որովհետեւ ԿԸՀ-ն մի մարմին է, ԱԺ-ն՝ մեկ այլ, ֆորմալ առումով՝ ԱԺ-ն կարող է այդ համաձայնությունը չտալ, բայց պարզ է, չէ՞, որ ԿԸՀ-ի եւ ԱԺ-ի կամահայտնությունը տարբեր բաներ են»։
Գեւորգ Գյոզալյանի կարծիքով՝ այս պահին կա քրեական հետապնդումը շարունակելու խոչընդոտ, որը պետք է հաղթահարվի․ «Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ անձը դատապարտվեր եւ հետո ձեռք բերեր ԱԺ պատգամավորի կարգավիճակ, ապա այդ դեպքում որեւէ խնդիր չէր լինի, որովհետեւ քրեական վարույթը ավարտված կլիներ, իսկ հիմա խոսում ենք կասկածանքի մասին, որը դատարանը դեռ պետք է հաստատի, իսկ այդ մարդիկ անձեռնմխելիություն ունեն հենց Սահմանադրության ուժով»։
Գյոզալյանը հիշատակեց Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը, ըստ որի՝ քրեական գործի վարույթի կասեցման հիմքերից մեկն այն է, որ անձը օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից, եւ նշեց, որ իր պատկերացմամբ՝ տվյալ դեպքում եւս վարույթն իրականացնող մարմինը պետք է կասեցնի գործի վարույթը, ազատ արձակի կալանավորված անձանց, նրանց անձեռնմխելիությունից զրկելու հարցով դիմի ԱԺ, եւ համաձայնություն ստանալուց հետո միայն շարունակի գործի վարույթը։
Միլենա Խաչիկյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: