8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկին զուգահեռ Ազգային ժողովի շենքում ԱԱԾ պետական պահպանության ծառայողների կողմից խստացված հսկողություն է իրականացվում: ԱԺ-ում ԱԱԾ-ականների թիվն աննախադեպ շատ էր:  Սահմանափակվել է լրագրողների ազատ տեղաշարժը, որեւէ բացատրություն չկար, թե սա ինչով է պայմանավորված: ՊՊԾ աշխատակիցները փակել էին ԱԺ նիստերի դահլիճից դեպի նոր մասնաշենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի եւ պատգամավորիների, ԱԺ փոխնախագահների սենյակներ տանող բոլոր ճանապարհները:

Լրագրողները, որոնք նախկինում հնարավորություն ունեին շրջել գրեթե ամբողջ շենքով, այսօրվանից կարող էին միայն կանգնել նիստերի դահլիճի հարակից տարածքում, գնալ բուֆետ եւ բարձրանալ օթյակ: Իշխանությունները բարդացրել են նաեւ լրագրողների համար նախատեսված օթյակ գնալը: Պահանջում են, որ լրագրողներն ինչնեն առաջին հարկ, ապա այլ ճանապարհով բարձրանալ չորրորդ հարկ, ինչը տարակուսելի է, քանի որ նիստերի դահլիճից մի քանի քայլ այն կողմ է գտնվում օթյակը:

Լրագրողների բոլոր հարցերն ու մտահոգություններն ԱԺ աշխատակազմը անպատասխան թողեց: Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Աննա Գրիգորյանը, որը հաճախակի ինչ-որ ցուցումներ էր տալիս ՊՊԾ աշխատակիցներին, ամբողջ օրվա ընթացքում հրաժարվեց սահմանափակումների վերաբերյալ որեւէ բացատրություն տալ՝ պատճառաբանելով, որ զբաղված է:

ՔՊ-ից Ալեն Սիմոնյանը, որն այսօր ընտրվեց ԱԺ նախագահ, տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ ամբողջ օրվա ընթացքում խոչընդոտվել է  լրագրողներ աշխատանքը: Նախկինում լրատվամիջոց ղեկավարած Սիմոնյանը   լրագրողների համար ստեղծված սահմանափակումները հետեւյալ կերպ է մեկնաբանում.

«Ստեղծվելու է համակարգ, որով պատգամավորները, պաշտոնյաները, որոնք կայցելեն Ազգային ժողով, կմոտենան հատուկ հատկացված տեղ, հանդես կգան ճեպազրույցներով և առանձին հարցազրույցներով։ Նոր համակարգն ապահովելու է լրագրողների համար հնարավորություն, որ լրագրողները ստիպված չլինեն քայլել պատգամավորի ետևից, որն իրենց հարցերին չի պատասխանում կամ սպասել սենյակի առջևում, որ իրենք դուրս գան»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Ալեն Սիմոնյանի գաղափարը, որ լրագրողներն ու պաշտոբնյաները շփվեն հատուկ կետերում, կնպաստի թափանիկության անկմանը: «Սա նշանակում է, որ խորհրդարանի եւ մեծամասնության հաշվետվողականությունը հանրության առջեւ լինելու է շատ ավելի ցածր մակարդակի վրա»,- ասաց նա:

Բորիս Նավասարդյանը չի բացառում, որ ըստ անհրաժեշտության, հատուկ միջոցառումների ժամանակ  լրագրողները եւ պատգամավորները պետք է շփվեն առանձնացված վարում, բայց նշում է՝ պետք է հաշվի առնել այն ավանդույթները, որոնք կան Հայաստանի խորհրդարանում դեռ անկախության առաջին տարիներից:

«Լրագրողները խորհրդարանն ընկալում են նաեւ իրենց տունը եւ պատագամվորների հետ հավասար տեղաշարժվում էին, դա ստեղծեց խորհրդարանի թափանցիկության հիմքեր, որը շարունակվեց երեսուն տարի: Այն ինչ առաջարկում է ԱԺ նախագահը, եթե վերցնենք, որ տեսականորեն ավելի արդյունավետ պայմաններ կսեղծի լրագրողների եւ պատգամավորների աշխատանքի համար, ապա ավանդույթը հաշվի չառնել չի կարելի, սխալ է: Կա լուրջ վտանգ, որ լրագրողների հարցերից պատգամավորները կխոսափեն, այն կարեւորագույն հարցերը, որոնք հետաքրորում են լրագրողներին եւ հանրությանը, պատասխանները չեն հնչի: Այն տրամադրվածությունը, որը մենք տեսնում ենք իշխող ուժի մոտ վերջին շաբաթների ընթացքում՝ հիմքեր են տալիս հենց այդպես էլ մտածելու»,- ասաց Ռրեւանի մամուլի ակումբի ղեկավարը:

Պաշտոնյաները հաճախակի դժգոհություններ են հայտնում այն մասին, որ լրագրողները քաղաքական պատվերներ են կատարում՝ իրենց ընդդիմադիրների ցուցումներով, ուստտի պետք է նրանց, իրենց բնորոշմամաբ «վնասազերծել»: Բորիս Նավասարդյանն ի պատասխան ասում է՝ ոչ թե պետք է նրանց տեղաշարժը սահմանափակել, այլ խելամիտ լուծումներ գտնել:

«Եթե սկսելու են բաժանել լրագրողներին հաճելի եւ անցանկալի հարցեր տվողների, նա արդեն քաղաքական գործիչ չէ: Նույնիսկ եթե լրագրողների կողմից անպարկեշտ վարքի դրսեւորումներ կան, դրանց համար էլ կան լուծումներ: Պետք է լրագրողների հետ քննարկումների արդյունքում սահմանել խորհրդարանում աշխատելու կանոններ, մինչեւ անգամ լրագրողներին հավատարմագրումից զրկելը»,- ասում է Բորիս Նավասարդյանը եւ շեշտում.

«Տրամադրվածությունն այնպիսին է, որ պաշտոնյաները փորձում են հասարակությունից պահպանվեն, քանի որ շատ խնդիրների լուծումներ չեն գտնվում: Պաշտոնյաները մտածում են չլուծվող խնդիրների ճնշումից իրենց ազատվեն»:

Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանը հետհեղափոխական Հայաստանում հայտարարում էր, որ «մամուլն ազատ է, քան՝ երբեւէ», ինչու՞ են այժմ նման սահմանափակումներ կիրառում: «Այդ հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ մամուլի ազատությունը տարերային մակարդակով  բարձր մակարդակի վրա էր, թեեւ ինստիտուցիոնալ հիմքեր չկար: Այդ ազատությունը բավականին սահմանափակված է»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ սահմանափակումների վերաբերյալ նշում է՝ խորհրդարանը լինելով օրենսդիր մարմին առանց օրենք գրելու այն կիրառում է: «ԱԺ նոր ղեկավարությունը փորձ են անում իրենց ապահովագրել լրագրողների անցանկալի հարցերից, դրա համար էլ տեղաշարժի սահմանափակումներ են մտցնում»:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest