Միշտ ասում էր՝ ես Արցախի համար կյանքս կտամ եւ տվեց…

176

Արցախյան երկու պատերազմների մասնակից, 2020թ. հոկտեմբերի 10-ին Ջրականում  զոհված ազատամարտիկ Մելիքսեթ Մանուկյանի կինը՝  Մանուշակը, ցույց է տալիս խնամքով պահպանած ամուսնու բոլոր պատվոգրերն ու հուշամեդալները: Ի թիվս այլ պատվոգրերի, Մանուկյանը պարգեւատրվել է Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի առթիվ: Հետմահու նա պարգեւատրվել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից տրված ՀՀ Մեդալով:

 «Դեռեւս 1988 թվականից, երբ նա քսաներեք տարեկան էր, ակտիվ մասնակցել է Շարժմանը, հետո 90-ականներին  մեկնեց  Արցախ, կռվել է Մատաղիսում, վիրավորվել, դարձել երկրորդ կարգի հաշմանդամ, կանտուզիա ստացել: Հետագայում միշտ մասնակցել է եռամսյա հավաքներին, 2016թ. մասնակցեց ապրիլյան պատերազմին, եղավ   «Եղնիկներ»-ում, մեկ ամիս մնաց այնտեղ: Երբ սկսվեց վերջին պատերազմը, նա  «Երկրապահ կամավորականների միության» ջոկատի հետ հոկտեմբերի 1-ին մեկնեց Արցախ: Հոկտեմբերի 10-ին նա զոհվեց Ջրականում, ԱԹՍ-ի հարվածից: Թեեւ ինքը ծնվել, մեծացել է Աբովյանում, բայց իրեն միշտ արցախցի էր զգում, հոգու կանչով մեկնում էր Արցախ: Միշտ ասում էր՝ ես Արցախի համար կյանքս կտամ եւ տվեց… »,- հուզված պատմում է Մանուշակը:

Մանուշակը հիշում է, որ պատերազմի ընթացքում նա իրեն զանգել է ուրիշ հեռախոսահամարներից, ասում էր, որ լավ է, եւ՝ վերջ:

«Հոկտեմբերի 10-ին ինձ զանգեցին այլ հեռախոսահամարից, զանգողն ասաց՝ քույր ջան, մի րոպե, եւ հեռախոսը փոխանցեց  ամուսնուս: Նա միայն ասաց ՝Մանուշ եւ սկսեց լաց լինել, ուրիշ ոչինչ չկարողացավ ասել: Դա վերջին զանգն էր, եւ ես էլ չիմացա, թե ինչ է եղել, ոնց: Ինքը  «Ուրալ» մեքենայով, 42, թե 47 հոգի են եղել, նրանց հետ  գալիս է եղել, ԱԹՍ-ն հարվածել եւ շրջել է մեքենան: Ուրիշ բան էլ չգիտեմ… Ամբողջ գիշերը սպասում էի, որ կգա..»,- հիշում է զոհվածի կինը:

Մանուշակն ասում է, որ դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո փաստաթղթերը ներկայացրել էին Պաշտպանության նախարարություն, որ իրենց բնակարանային պայմանները բարելավեն, քանի որ երեք փոքր երեխա ունեին այն ժամանակ, սակայն առ այսօր չեն ստացել ոչինչ:

Հետաքրքրվեցինք ՝անցած ամիսների ընթացքում Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցները, հոգեբաններ, հոգեւորականներ այցելե՞լ են իրենց, փորձե՞լ են ինչ-որ կերպ աջակցել զոհվածիՙ  հոգեկան ծանր տրավմա ապրած հարազատներին:

«Ոչ, ոչ մեկը չի եկել: Քաղաքապետարանը միայն հուշամեդալ է տվել»,- ասաց նա:

Մանուշակը հիշում է, որ ամուսինը՝ Մելիքսեթը, պատերազմի մասին կանխազգում էր սկսվելուց դեռ որոշ ժամանակ առաջ: Ըստ նրա՝  Մելիքսեթը միշտ կապի մեջ է եղել Արցախում ապրող գեներալների, ազատամարտիկների հետ, սակայն, երբ այդ մասին խոսել է ընտանիքում, չեն հավատացել:

«Սեպտեմբերի կեսերին էր, եկավ, ասաց ՝Մանուշ, լավ բան չի սպասվում: Ինքը մոտիկ էր Սամվել Բաբայանի, Մովսես Հակոբյանի, Սեյրան Օհանյանի հետ: Հիմա ես շատ բաներ չեմ հիշում, բայց ինքը միշտ նրանց հետ էր մասնակցում տարբեր միջոցառումների»,- ասում է Մանուշակը:

Մելիքսեթի մայրը ՝տիկին  Ժենիկն էլ հավելում է, որ չպետք է ամեն ինչ ավարտվեր պատերազմով:

«Միայն մենք չէ, ադրբեջանցի մայրերն էլ են մայր, նրանք էլ են սգում իրենց զավակների կորուստը, նրանց համար էլ է ցավն անտանելի…»,- ասում է տիկին Ժենիկը՝ հիշելով, թե քանի բեկոր էր իր մեջ կրում որդին դեռ Արցախյան առաջին պատերազմից  հետո, եւ նույնիսկ այդ վիճակում էլ մեկնեց երկրորդ, երրորդ անգամ:

Թագուհի Հակոբյան