Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հերթական անգամ հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանը ներկայացել էր դատարան, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ոչ։ Վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին տեղեկացրեց, որ Գեւորգյանը հանդիսանում է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եւ այդ պահին էլ գտնվում է ԱԺ-ում․ «Այդ պատճառով պարոն Գեւորգյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին եւ իրականացնել իր դատավարական պարտականությունները, ուստի գտնում ենք, որ վերջինիս բացակայությունը հարգելի է, եւ քանի որ նրա բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել, միջնորդում ենք այն հետաձգել»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Ի պատասխան դատավորի հարցին, թե որքան կտեւեն ԱԺ նիստերը, պաշտպանն ասաց, որ չի կարող հստակ ժամկետ նշել, քանի որ մեկնարկային նիստեր են եւ կարեւորագույն հարցեր են քննարկվում։

Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը․ դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին։

Նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ասաց, որ թեեւ դատարանն իրենց արտահայտվելու հնարավորություն չտվեց, սակայն իրենց կարծիքով՝ Արմեն Գեւորգյանի բացակայությունը հարգելի չէ․ «Աշխատանքային պարտականությունների կատարումը ինքնին չի կարող դատական նիստերին չներկայանալու պատճառ դառնալ, եթե որեւէ քաղաքացու աշխատանքով պայմանավորված անհնարինություն կլինի, այդ հարցը կարելի է քննարկել, բայց ինքնին աշխատանքային ծանրաբեռնվածությունը դրա պատճառ չի կարող լինել»։

Լրագրողի հարցին՝ դատարանի կողմից իրենց ձայնի իրավունք չտալով պայմանավորված՝ հնարավո՞ր է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն, Գեւորգ Բաղդասարյանը պատասխանեց․ «Մենք կհետեւենք դատարանի գործողություններին եւ հիմքեր տեսնելու դեպքում՝ այո, այս պահին դեռ չենք տեսնում»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Արմեն Գեւորգյանը այժմ օգտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ՝ Բաղդասարյանը նշեց, որ չկա որեւէ կարգավորում, ըստ որի՝ ադ հարցը պետք է քննարկվի․ «Քրեական հետապնդում հարուցելը անվերադարձ գործողություն է, դու դա չես կարող երկրորդ անգամ կատարել, նա ներգրավված է որպես մեղադրյալ, եւ դա օրենքով քրեական հետապնդում հարուցելու ձեւն է,  Սահմանադրությունը երաշխիք է նախատեսում քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար, դուք փորձեք պատկերացնել՝ անձի նկատմամբ, որը արդեն որպես մեղադրյալ ներգրավված է, ինչպե՞ս կարող ես երկրորդ անգամ հետապնդում հարուցել»։

Հիշեցնենք՝ Արմեն Գեւորգյանը 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի կազմում։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու։

Միլենա Խաչիկյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest