Պաշտպանական կողմը չի մասնակցի Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությանը

50

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն այսօր մերժեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Առուշան Առուշանյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Վերաքննիչ դատարանում այսօր նշանակված էր Առուշան Առուշանյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքի քննությունը, սակայն մինչ բուն բողոքին անցնելը պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բողոքների մակագրություն իրականացնող համակարգիչը առգրավված է, եւ բողոքը դատավորին է մակագրվել դատարանի նախագահի կողմից, ինչը, ըստ պաշտպանական կողմի, կարող է կասկածի տակ դնել դատարանի՝ անաչառ երեւալու հանգամանքը։ Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանի, ինչպես նաեւ մի շարքայլ դատարանների համակարգիչներն առգրավվել են Ազգային անվտանգության ծառայության կողմից գործերի բաշխման եւ մակագրման գործընթացին ապօրինի միջամտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր նշեց, որ ինքը հետաքրքրվել է դատավորից՝ արդյո՞ք նա փորձել է դատարանի նախագահից պարզել, թե ինչ սկզբունքով է հենց իրեն մակագրվել այս բողոքը, եւ դատարանը իրեն բավարարող պատասխան չի տվել՝ ասելով, որ նման հարց չի քննարկել եւ առհասարակ, այս գործը որեւէ մեկի հետ չի քննարկել։ Ըստ պաշտպանի՝ այս պատասխանները բավարար էին, որպեսզի ինքը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացներ․ «Թե օրենքը, թե նախադեպային իրավունքը ասում են, որ դատավորը ոչ միայն պիտի լինի անկողմնակալ, անաչառ, օբյեկտիվ, այլ նաեւ այդպիսին պիտի երեւա, ներկա պահին միգուցե այս դատավորը անկողմնակալ է, բայց արդյո՞ք առկա օբյեկտիվ իրականությունը, մասնավորապես, այն, որ Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների կալանավորման դեմ բողոքները մուտք անելուց հետո ԱԱԾ-ն նման գործողություններ է իրականացնում, չի վկայում այն մասին, որ այս բոլոր դատավորները ընտրվել են «պատահաբար»։

Նախքան մերժման որոշման հրապարակումը պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց՝ վստահ են, որ դատարանը թե ինքնաբացարկի միջնորդությունն է մերժելու, թե կալանավորման դեմ իրենց բողոքը․  «Բողոքի հետագա քննությանը չենք մասնակցելու, քանի որ վստահություն չունենք այս դատարանի նկատմամբ եւ արժանի չենք համարում ձեւական ընթացակարգի մասնակցությունը»,- ասաց նա։

Բողոքի քննությունը կշարունակվի պաշտպանական կողմի բացակայությամբ, որից հետո դատարանը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ՝ կալանավորման օրինականության վերաբերյալ որոշում կայացնելու։

Առուշ Առուշանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը, մասնավորապես, երկու եւ ավելի անձանց ընտրակաշառք տալը նախապատրաստելու, մի խումբ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաև ծառայողական կախվածությունն օգտագործելով՝ ընտրողներին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու մասին է։

Առուշանյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշպանի խոսքով՝  նա այս ամենին ժպիտով է վերաբերվում։

Միլենա Խաչիկյան