«Ինձ սարքել են ինվալիդ ու ուզում են ինձանից ազատվել». «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները խոշտանգել են կալանավորին

503

«Պանտերա» պահնորդական ծառայության նախկին աշխատակից Կարեն Հովհաննիսյանն արդեն մոտ երեք տարի կալանքի տակ է: Նրան մեղադրում են 2018 օգոստոսի 30-ին Երևանում, Արարատյան փողոցի տներից մեկում 28-ամյա Մարինե Դանիելյանին առանձին դաժանությամբ սպանելու համար: Կարեն Հովհաննիսյանը մինչ օրս չի ընդունել մեղքը: «Չկա մի փորձաքննութուն, որով ապացուցվի, որ ես եմ կատարել սպանությունը», — ասում է Կարեն Հովհաննիսյանը:

 Ըստ նրա, Շենգավիթի ոստիկանությունում նրան ծեծի են ենթարկել, խոստովանություն կորզելու նպատակով:  Կտտանքները շարունակվել են կալանավայրում:

2019 թվականին, երբ ինքը հացադուլ էր հայտարարել, պահանջելով վերանայել կալանքի որոշումը, «Նուբարշեն» ՔԿՀ աշխատակիցները իրեն ծեծի ու խոշտանգումների են ենթարկել: Դա տեղի է ունեցել հացադուլի 27-րդ օրը: Այդ  միջադեպից հետո Կարեն Հովհաննիսյանը երկրորդ կարգի հաշմանդամ է դարձել:

Հունիսի 30-ին Կարեն Հովհաննիսյանը ցնցող վկայություններ է տվել իրեն այցելության եկած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին: Նա պատմել է, որ «Նուբարաշենում», երբ հացադուլի մեջ էր, ամենօրյա ռեժիմով խոշտանգումների էր ենթարկում: «Վախտ էր լինում- ասում է Հովհաննիսյանը, — որ մեկ հոգի էր գալիս, վախտ էր լինում՝ երկու, կամ երեք, վախտ էր լինում գալիս-մտնում էին, անունը դնում էին խուզարկութուն: Ի՞նչ պետք է մոտը պահի հացադուլի մեջ մարդը: Մի անգամ քնից հանեցին՝  27-րդ օրն էր հացադուլի, մտան, ես վեր թռա քնից, հայհոյեցին, ես էլ հայհոյեցի,, հարձակվեցին վրես, ծեծի ենթարկեցին ձեռքերով ու ոտքերով: Չեմ կարող ասել, քանի հոգով էին, ես գետնին էի, դեմքով ներքև, ուշագնաց եղա: Տեսնելով, որ իմ վիճակը վատանում է, «սկոռի» կանչեցին, բայց խնդրեցին, որ հրաժարվեմ «սկոռիով» հիվանդանոց գնալուց, ասելով՝ դե, մարդ ենք, բոլորիս հետ կարող է լինել: Շտապօգնության բժիշկը տեսավ, որ ես տարել եմ ինսուլտ: Անընդհատ ուշաթափվում էի, արթնացա «Էրեբունի» հիվանդանոցի ռեանիմացիայում, ամբողջ մարմնիս վրա կապտուքներ, վերքեր»:

Այնպիսի վիճակում է եղել կալանավորը, որ ոչ մի հիվանդանոց նրան չի  ընդունել, անգամ «Դատապարտյալների հիվանդանոցը», քանի որ բժիշկները ստիպված կլինեին վնասվածքներն արձանագրել:

Ի վերջո, նա հայտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի պահեստի նման սենյակում, որտեղ հին, փչացած սարքավորումներ էին պահում: Այստեղ նա մնում է 7 օր առանց որևէ բուժօգնության:  «Ես այդտեղ էլ  շարունակում էի հացադուլ պահել», — ասում է կալանավորը: Դատախազը այցելելով կալանավորին, խոստանում է վերանայել գործը, սակայն մի քանի անց Հովհաննիսյանը տեղեկանում է, որ նախաքննությունն ավարտված է և առանց իրեն նյութերին ծանոթացնելու, գործն ուղարկել են դատարան:

Դատապարտյալների հիվանդանոցում արդեն սայլակին գամված Հովհաննիսյանին պահում են երկուսուկես տարի: Մեկ տարի երկու ամիս մնալուց հետո Կարեն Հովհաննիսյանին հաշմանդամության երկրորդ կարգ են սահմանում, սակայն վերջերս նոր բժշկասոցիալական հանձնաժողով է այցելել նրան, որի տված եզրակացության հիման վրա զրկել են երկրորդ կարգից:

Կարեն Հովհաննիսյանը միջնորդել է, որ իրեն ազատեն կալանքից, քանի որ ինքը ունի ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություններ:  Նրան փորձաքննության են ենթարկել: Բժիշկները բազմաթիվ վնասվածքներ պաթոլոգիաներ են արձանագրել՝ 3-րդ կարգի հիպերտենզիա, 2-րդ կարգի կծկում, ՄՌՏ հետազոտությամբ բացահայտվել է ուղեղի կաթված, սրտաբանը եզրակացություն է տվել, որ սիրտը ռիսկային և կրիզիսային վիճակում է: Հուլիսի 14-ին «Էրեբունի» ԲԿ-ում Կարեն Հովհաննիսյանը ստուգումներ է անցել: Եզրակացությամբ փաստվել է, որ նրա լյարդը բորբոքված է, փայցախը այտուցված է:

 «Ես երկու տարի է, ուզում եմ ապացուցել, որ հիվանդությունները առաջացել են ծեծի հետևանքով», — ասում է Կարեն Հովհաննիսյանը:

Նա իրավապահներին հաղորդումներ է տվել ծեծի և խոշտանգումների վերաբերյալ: ՀՔԾ-ից հայտնեցին մեզ, որ Շենգավիթի ոստիկանների կողմից Կարեն Հովհաննիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործ է հարուցված եղել, որը, սակայն  կարճվել է:  «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատողների խոշտանգումների վերաբերյալ գործը քննում է ՔԿ Կենտրոնի վարչությունը: Կարեն Հովհաննիսյանը համոզված է, որ քննիչներն ամեն ինչ անում են վերացնելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատողների կատարած հանցանքի հետքերը:

«Երկու անգամ ինձ ՄՌՏ հետազոտության են ենթարկել և երկու անգամ դիսկը կորել է: Իմ հիվանդությունների էպիկրիզները փոխվում են:  Դատարանի կողմից նշանակված է փորձաքննություն, որի առաջին հարցը տրված է՝ արդյո՞ք իմ հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թ՞ե ոչ: Ես ունեմ մտավախություն, որ իմ բոլոր բժշկական փաստաթղթերը կեղծում են, որ ինձ չազատեն կալանքից, էս գործից պրծնեն: Ինձ սարքել են ինվալիդ, ու ուզում են ինձանից ազատվել: Ես հայտարարում եմ, որ ես անմեղ եմ»,  — ասում է Կարեն Հովհաննիսյանը:

Քրեակատարողական ծառայությունը ամեն կերպ փորձում է կոծկել իր աշխատողների կատարած հանցագործությունները, խոչընդոտել դրանց մասին տեղեկատվության տարածմանը, այդ հանցագործությունների բացահայտմանը:

Խոչընդոտելու ձևերից մեկն էլ իրավապաշտպանների և լրագրողների մուտքը քրեակատարողկան հիմնարկ բարդացնելն ու ամեն կերպ ձգձգելն է:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դեռ 2 ամիս առաջ, արձագանքելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Կարեն Հովհաննիսյանի խնդրանքին, դիմել էր ՔԿԾ տեսակցության թույլտվույթյուն ստանալու համար: Բազմաթիվ մերժումներից հետո նրան հաջողվել է մտնել ՔԿՀ, որտեղ մեկ ժամ սպասելուց հետո վերջապես հանդիպել է կալանավորին:

Տեսակցության սենյակները զբաղված են եղել ՔԿՀ աշխատակիցներով: Իրավապաշտպանի և կալանավորի հանդիպման համար ՔԿՀ ղեկավարությունը հատկացրել է հիմնարկի զուգարանի նախասրահը: Աշխատակիցներն ամեն ինչ արել են խանգարելու համար հանդիպմանը: Պարբերաբար ներխուժել են տարածք, աղմկել են, փորձել են ներկա գտնվել իբր՝ «անվտանգության նկատառումներով»: 

Սյուզան Սիմոնյան