Քաղաքագետները մեկնաբանում են Փաշինյանի՝ Պուտինին արված առաջարկությունը
«Նիկոլ Փաշինյանն այս բարդ իրավիճակում փորձում է ինչ-որ լուծումներ մտցնել՝ պաշտպանելով մեր սահմանները, քանի որ դեռ սահմանները ֆիքսված չեն, իսկ Ադրբեջանն ագրեսիվ գործողությունների է դիմում»,- այս մասին forrights.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հուլիսի 29-ի առաջարկությանը ռուս սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայելու մասին:
«Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս՝ այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, որին հաջորդեց Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի արձագանքը, որ որեւէ կերպ չեն մեկնաբանում Հայաստանի ղեկավարի առաջարկը:
«Բարդ է ասել՝ դա քննարվել է ՌԴ-ի հետ, թե՝ ոչ: Պեսկովի արձագանքից երեւում է, որ չեն քննարկվել»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետը շեշտում է՝ եթե Հայաստանի սուվերեն տարածք թույլատրվում է մեկ այլ պետության զինված ուժերի ներկայություն, ապա դա կարող է մեր պետության համար խնդիրներ առաջացնել:
«Այստեղ հարց է առաջանում՝ այս լուծումը մեզ համար լա՞վ է, թե՞ ՝ վատ է: Ես կարծում եմ, որ այս ծանր վիճակում Հայաստանը փորձում է լուծումներ գտնել: Նիկոլ Փաշինյանը նաեւ մյուս տարբերակի մասին խոսեց մոնիթորինգային խմբեր բերել ՀԱՊԿ-ի պետություններից՝ սահմանի ամենաթեժ կետերում տեղակայելու համար, որ պարզեն, թե ով է խախատում զինադադարը:
Սահմանապահների տեղակայման տարբերակները պետք է քննարկել նաեւ հասարակության հետ: Եթե մենք թողնում ենք ինչ-որ երկրի գա մեր սահմանները պահի, ապա սա ինչ է նշանակու՞մ, դա էլ խնդիր է»,- ասում է քաղաքագետը:
Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առաջարկել էր սահմանին տեղակայել Ռուաստանի կամ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետություններից որեւէ մեկի դիտարդական խմբերի: Երկու ամիս անց, սակայն, Հայաստանի ղեկավարը իր առաջարկությունների մեջ նշում է միայն ՌԴ-ի տարբերակը:
«Նիկոլ Փաշինյանի մոտ գուցե կա տպավորություն, որ մյուս պետություններն, այսպես ասած հողի վրա մեզ չեն աջակցի: Այսինքն կլինեն քաղաքական կամ դիվանագիտական աջակցություններ, բայց եթե անցնեն կոնկրետ քայլերի, ապա Փաշինյանը մտածում է, որ կոնկրետ աջակցություն չի լինի: Դա է պատճատը, որ նորից ՌԴ-ի հետ կապված առաջարկություն ենք լսում»,- ասում է Ստեփան Գրիգորյանը:
Նախօրեին մի շարք ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել՝ կառավարությանը հորդորելով անվտանգային երաշխիքներ խնդրել ՄԱԿ-ի անվտանգության խորհդից: Ստեփան Գրիգորյանը հավելում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու գլխավոր նպատակը առաջին հերթին ստեղծված իրավիճակի մասին միջազգային հանրությանը ճիշտ մեսիջներ փոխանցելն է:
«Հայաստանը կարող է ԵԱՀԿ-ին կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմել, քանի որ այս կառույցներն ունեն փորձ սահմանների մոնիթորինգների իրականացնելու եւ խաղաղության պահպանման հարցում: Պետք է դիմել միջազգային այլ կառուցների, քանի որ փորձը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ն չեն կարողանում խաղաղություն ապահվել: Ադրբեջանը իր քայլերն անում է ՀԱՊԿ-ի անգործության եւ Ռուսաստանի նետրալ քայլերի ֆոնին»:
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ նշում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 27-ին հնչեցրած առաջարկները, չէին կարող լուրջ լինել: «Գործնականում երեւում է, որ կա քաղաքականություն Հայաստանի կարեւորագույն հարցերը հանձնել ՌԴ-ին եւ այս քաղաքականությունը տեսնում ենք, որ ուղղորդվում է Ադրբեջանի գործողություններով: Լարվածությունը սահմանի վրա դառնում է պատրվակ առաջ բերել ռուս սահմանապահների հարցը»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը:
Ռուս սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով տեղակայելը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը: Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ Ռուաստանը մշտապես քաղաքական հսկողություն է հաստատում այն պետությունների վրա, որոնք անվտանգության հարցերում դիմում են իր օգնությանը:
«Ռուս սահմանապահների տեղակայման գինը Հայաստանի ազգային ինքնիշխանության լուրջ կրճատումն է: Այն պետությունը, որը չի կարող իր անվտանգությունն ապահովել, բնականաբար իր ազգային ինքնիշխանությունը չի կարող իրականացնել: Փաշինյանը սա գիտակցում է, համարում է իր կարեւոր առաքելությունը: Սա այն խաղաղությունն է, որը իրականացվում է Ադրբեջանի կողմից առաջ քաշած պահանջների ճանաչմամաբ եւ Ռուսաստանի զինված ուժերի իրագործմամբ: Այդ երկու բաղադրիչներով Փաշինյանը տեսնում է աննախադեպ խաղաղությունը Հայաստանի համար»:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: