Դեբեդավանի բնակիչ Արտաշես Ասատրյանը հուլիսի 23-ին պետք է վերադառնար բանակից, իսկ օգոստոսի 8-ին՝  նշեր իր 21-ամյակը: Բայց այդպես էլ չեկավ: Նա 44-օրյա պատերազմի անհետ կորածներից է:

Արդեն 9 ամիս է, Ասատրյանները լուր չունեն Արտաշեսից: Հայրը՝ Արսենը, վերջին անգամ որդու հետ խոսել է պատերազմի 40-րդ օրը՝ նոյեմբերի 6-ին: Թե որտեղ էր կռվում Արտաշեսը՝ իր միակ որդին, նա չգիտի:

«Ոչ մի ինֆորմացիա չունենք: Ինքը գաղտնապահ էր, ոչ մի անգամ չի ասել՝ որտեղ է, ինչ է: Ուղղակի՝ լավ եմ, և վերջ: Իր մոտ ընդունված չի եղել, որ ինչ-որ տեղանք ասի, կամ ասի՝ սենց եմ կռվում, էս եմ անում: Նա սովորական ժամկետային զինծառայող էր», — ասում է հայրը՝ Արսեն Ասատրյանը:

Վստահեցնում է, որ ամեն հնարավորն արել է որդուն գտնելու համար: «Կարմիր Խաչին էլ ենք դիմել, նրանք խոստացել են, որ կգտնեն: Բայց ոչ ոք չգիտի, ուր է: Գերիների մեջ էլ չկա, չգիտեմ», — -ասում է հայրը:

Հունվարի 10-ին Արսենին կանչել են հանրապետական դատաբժշկական կենտրոնից, ասել են, որ գտել են որդուն: Արսենը գնացել է կենտրոն: Նրան ցույց են տվել անհայտ զինվորի մասունքներ:

«Կանչել են, ցույց են տվել մարմնի մասեր: Ամբողջական մարմին չէր, բայց պահպանված մասեր էին: Ես ասել եմ՝ իմը չի: Ես իմ սեփական երեխին չե՞մ ճանաչում, ի՞նչ է: Նորմալ մասեր էին, բայց 100 տոկոս ինքը չի: Ուզեցել են մի բան անեն, մի հոգի էլ հանեն ցուցակից, փակվի, գնա», — բացատրում է Արտաշեսի հայրը:

Երկրորդ ԴՆԹ նմուշն են հանձնել, այս անգամ այն վերցրել են Արտաշեսի մորից: Պատասխանը դեռ չկա:

Արսենն ամեն օր սպասում է որդուն: Աշխատանք չունի: Ընտանիքի ապրուստի միջոցը այգին է, որը մշակում են մարդ ու կին: Ամեն ամիս ընտանիքը 300 հազար դրամ  է ստանում «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամից»: Բայց 9 ամիսը լրանում է, և եթե Արտաշեսի մարմինը չգտան, եթե նրան անհայտ բացակայող չճանաչեցին, ընտանիքը հազիվ թե շարունակի գումար ստանալ պետությունից:

 ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ սահմանված է, որ մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամներին տրամադրվում է ամսական 300.000 ՀՀ դրամի չափով աջակցություն, բայց ոչ ավելի, քան 9 ամսվա համար:

Ինչ է լինելու 9 ամիս հետ՞ո, անհայտ կորածի կարգավիճակ ունեցող զինվորների համար շարունակելո՞ւ են վճարել 300 հազարական դրամները: Forrights.am-ի խնդրանքով ՊՆ Զինծառայողների առողջության, սոցիալական պաշտպանության և վետերանների գլխավոր վարչությունից պատասխանեցին, որ ժամկետն արդեն իսկ երկրարացված է:

«Սկզբում սահմանված էր 6 ամիս, բայց քանի որ գործընթացը երկարում էր, վարչության նախաձեռնությամբ ժամկետը եւս երեք ամսով երկարացվեց, դարձվեց 9 ամիս: Թե ինչ կորոշի կառավարությունը այն անհայտ կորածների դեպքում, որոնք չեն նույնականացվել ու հուղարկավորվել, այս պահին չենք կարող ասել»: Վարչությունից նաև հայտնեցին, որ այն դեպքում, երբ անհայտ կորած զինծառայողի մարմինը նույնականացվել է և հուղարկավորվել է, ամենամսյա 300.000 ՀՀ դրամ  վճարի տրամադրումը դադարեցվում է, շահառուն դիմում է դատարան, անհայտ բացակայողի կարգավիճակ ստանալու համար, որը հավասարեցված է զոհվածի կարգավիճակի:

Անհայտ բացակայjողի կարգավիճակ ստանալուն պես զինծառայողի փոխհատուցումը իրականացնում է «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը», բայց նախկինում վճարված 300 հարյուր հազարական դրամները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից, որը 10 մլն դրամ է կազմում: Այլ կերպ ասած՝ բոլոր այն գումարները, որոնք տրվել են մինչև հուղարկավորությունը, հետագայում հանվում են հիմնադրամի կողմից տրվող միանվագ գումարից:

Դուք տեղյա՞կ եք, որ 9 ամիսը լրանում է օգոստոսին ու դուք էլ գումար չեք ստանալու: «Ոչ, ինձ այդ ամենը չի հետաքրքրում, ինձ իմ երեխան է պետք: Ես իմ երեխային եմ սպասում», — ասում է Արտաշես Ասատրյանի հայրը:

Այսօր կան բազմաթիվ ծնողներ, որոնք հրաժարվում են ընդունել նույնականացման արդյունքները: Դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնում 130-ից ավելի չճանաչված զինվորներ կան, որոնց տուն չեն տանում: Անգամ կրկնակի փորձաքննությունից հետո մարդիկ հրաժարվում են հավատալ պետությանը, շարունակում են սպասել իրենց զինվորին: Արսեն Ասատրյանը դեռ չի ստացել ԴՆԹ երկրորդ փորձաքննության արդյունքը, բայց վստահ է՝ իր որդին գալու է:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest