Մոլորված և ադրբեջանցիների կողմից գերեվարված մարտունեցին վերադարձվել է

57

Արցախի Մարտունու շրջանի գերեվարված բնակիչը, որը մոլորվել էր և հայտնվել ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է հայկական կողմին։ Այդ մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, գրում է Արցախպրեսը։

«Ինչ վերաբերում է գերեվարված քաղաքացուն, նա Մարտունու շրջանի բնակիչ է, տարածքում մոլորվել էր և համապատասխան աշխատանքի արդյունքում վերադարձվել է»,-նշել է Ավանեսյանը։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի աշխատակազմ ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։

Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել էր, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել էին ռուս խաղաղապահներին։