«Դեմ են դուրս եկել հենց թուրքերին… Իրեն նռնակով պայթացրել է»

490

Նորայր Պետրոսյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին` Հադրութում` իր ձեռքի նռնակով ոչնչացնելով իրեն եւ իրեն շրջապատած թշնամուն ։ Ամիսներ շարունակ ծնողները փնտրել են նրան որպես անհետ կորած, տեղի ունեցածի մասին իմացել են գերությունից վերադարձած զինվորներից մեկից:

Նորայրը Կոտայքի մարզ Հացավան գյուղից էր։ Սովորել Էր տեղի դպրոցում այնուհետեւ տեղափոխվել Գառնիի ավագ դպրոց։ Ընդունվել էր Ոստիկանական Ակադեմիա որպես իրավբան: Նաեւ հաճախել էր բռնցքամարտի, դհոլ էր նվագում։

Պատերազմից երկու շաբաթ առաջ ընտանիքի անդամներին հաջողվել էր այցելել ժամկետային ծառայության մեջ գտնվող Նորայրին, նրա հետ մի քանի ժամ անցկացնել: Մայրն ասում է` որդին, ով նորանշանակ կրտսեր սերժանտ էր, տրամադրություն չուներ, տխուր էր, գուցե եւ արդեն գիտեր սպասվող պատերազմի մասին. «Երբ էրեխուն ճանապարհեցինք, գնաց, այնպիսի կեղտոտ անձրեւ եկավ այդ պահին: Էրեխեն տխուր, անձրեւի տակ հրաժեշտ տվեց մեզ»:

Մայրը առավոտյան հեռուստացույցից է իմացել պատերազմի լուրը. « Լուրերով լսեցի…մենակ լսեցի «Լայնամասշտաբ հարձակում Ադրբեջանի կողմից»: Որ այդ նախադասությունը լսեցի, դողն ընկավ իմ մեջ: Հետո Նորոս զանգեց, ասեց, հանգիստ եղի, մեզ մոտ լավ է, մեզ մոտ հանգիստ է: Վիդեոզանգ էր արել: Հեռախոսը այնպես էր պահել, որ միայն իր դեմքն էր երեւում… հետո երեք օր լուր չունեցանք, բայց համոզված էի, որ զանգելու է: Երեք օրից զանգեց, ասեց, որ հետնահանջ են արել, հասել են Հադրութ, ասեց` ամեն ինչ լավ է արդեն, այստեղ հանգիստ է, մամա, մի մտածեք, ես նորակոչիկ տղաների հետ եմ, էստեղ ապահով է, մեզ ոչ կռվի դաշտ են տանում, ոչ էլ կռվի մոտ»:

Վերջին անգամ մոր հետ հեռախոսազրույցում զինվորը խնդրում է պատմել, թե ինչ նորություն կա, ինչ է կատարվում խաղաղ կյանքում, ապա հեռախոսն անջատվել է: Տիկին Արյուսյակն այլեւս որդու ձայնը չի լսել: «Սկզբից վիրավորի համաձայն չէի, հետո մտածեցի` վիրավոր լինի: Հետո` գերության մեջ լինի… հետո տեսա, թե ինչ դեպքեր կան, որ կարող է չգտնվեն, ասեցի` մենակ թե մարմինը գտնենք»,- ասում է նա:

Որոշ ժամանակ անց գերությունից մի զինվոր էր վերադարձել, որը Նորայրի ենթակայության տակ գտնվող նորակոչիկներից էր: Տիկին   Արուսյակը շտապել է հանդիպել այդ տղայի հետ եւ իմանալ, թե ի վերջո ինչ է կատարվել որդու հետ. « Ասեցի` ի՞նչ ես ասում Նորոյիցս: Լացեց: Ասեց` մեզ հրաման էին տվել սարը բարձրանալ: Նորոն բարձրացավ, ես ուժ չունեի բարձրանայի, մնացի, բայց Նորոն մինչեւ վերջ գնաց: Ես շատ կուզեմ, որ Նորոյին գտնեք: Ու լացեց: Ես հասկացա, որ վերեւ բարձրացողները էլ հետ չեն եկել: Դեմ են դուրս եկել հենց թուրքերին… Իրեն նռնակով պայթացրել է»:

 Զոհված զինվորի մայրը մեղադրում է իշխանությանը, որ պատերազմը շուտ չկանգնացրեց.

«Ոնց որ երեխան է նայում ծնողներին, օգնություն սպասում, մենք էլ նայում էինք մեր ղեկավարներին, մեր երկրի տերերին, որ կանգնացնեն պատերազմը, մեր անմեղ էրեխեքն են… Հողերը պահենք: Հա, պահենք, բայց 18- 19 տարեկան մեր էրեխեքի հաշվին ո՞նց էինք պահելու»:

Անի Գևորգյան