Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր ևս 13 հայ ռազմագերիների է մեղավոր ճանաչել՝ դատապարտելով 6 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը։
2020 թվականի դեկտեմբերի 13-ին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մերձակայքում գերեվարված զինծառայողների հերթական խումբը մեղավոր է ճանաչվել սահմանն անօրինականորեն հատելու և անօրինական զենք կրելու համար։ Ադրբեջանի դատախազությունը միջնորդել էր չեղարկել հայ ռազմագերիներին նախապես ներկայացված՝ ահաբեկչության և անօրինական զինված կազմավորում ստեղծելու մեղադրանքները։
Ավելի վաղ, այսօր , դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ զինծառայողի՝ «ահաբեկչության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու» համար։
Պահեստազորայինները գերեվարվել էին անցած տարվա դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից շաբաթներ անց, երբ, իրենց իսկ խոսքով, վերադասի հրամանը կատարելիս փորձել էին նահանջել Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերից։
Սա հայ զինվորականների երրորդ խումբն է, որ Ադրբեջանում դատապարտվում է ազատազրկման։ Ընդհանուր առմամբ, գերեվարվել էր ավելի քան 60 զինվորական, 30-ին Բաքուն վերադարձրել է ականապատման քարտեզների դիմաց։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: