Ադրբեջանը տարբեր տեսակի զինատեսակներից կրակ է բացել Երասխի հատվածում, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն․ ՊՆ

66

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

«Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն»,- ասվում է հաղորդագրությունը։

Նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։