«Բռնություն գործադրողը շարունակում է աշխատել ոստիկանությունում, Քոչարյանին է ուղեկցում». «Սասնա ծռերի» խոշտանգման գործ

135

«Սասնա ծռեր» խմբավորման չորս անդամներին՝  Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Արեգ Կյուրեղյանին  ծեծի ենթարկելու գործով քրեական վարույթը կասեցվել է։ Արայիկ Խանդոյանի շահերը պաշտպանող փաստաբան Արա Ղարագոզյանի փոխանցմամաբ՝ ՀՔԾ-ն որպես հիմնավորում ներկայացրել է ապացույցների բացակայությունը:


Հիշեցնենք՝ 2017 թվականի հունիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբի 14 անդամի գործով (ՊՊԾ գնդի գրավում) դատական նիստից հետո փաստաբանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ) (մահացել է-խմբ), Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։ Նրանք բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին ստացել։ Արայիկ Խանդոյանը, ըստ պաշտպանների, դեպքից հետո  ուղեղի ցնցում էր ստացել, եւ երկար ժամանակ նույնիսկ չի կարողացել շփվել։ Փաստաբաները հայտարարել էին, որ խոշտանգման ենթարկված խմբի անդամները կապտուկներ էին ձեռք բերել գլխի, ոտքերի և երիկամների շրջանում:

Փաստաբան Արա Ղարագոզյանը պնդում է՝ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի իրականացվել, տեսախցիկները չեն առգրավվել: «Սասնա ծռերի անդամներին ծեծի էին ենթարկում դատարանի նկուղում, իսկ Արտուշ Գաբրիելյանը նիստ էր անում: Արտուշ Գաբրիելյանն էլ հարցաքննված չէ: Ոչ մի քննություն չի իրականացվել, բայց քննիչը գրում է, որ մեղադրյալների պատմածները բավարար չեն: Այդ դեպքում ու՞մ ցուցմունքը պետք է բավարար լիներ, երբ այնտեղ այլ անձ չի եղել: Նման խայտառակ դեպք երբեք չի եղել, որ դատարանի նկուղում մարդկանց ծեծի են ենթարկել»,- ասում է Արա Ղարագյոզալյանը եւ նշում, որ ՀՔԾ-ի որոշումը բողոքարկել է:

«Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծի ենթարկելու դեպքով 2018 թվականին՝ իշխանափոխությունից հետո, մեղադրանք էր առաջադրվե փոխգնդապետ Արմեն Ղազարյանին, որն էլ ՀՔԾ-ի որոշմամաբ կարճվեց: Ի դեպ, քրգործի քննության ընթացքում Արմեն Ղազարյանի լիազորությունները չեն կասեցվել:

«2018 թվականին, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ ՀՔԾ-ն  փոխգնդապետ  Արմեն Ղազարյանին մեղադրանք առաջադրեց՝ խոշտանգման հոդվածով: Չորս տարի քննվեց, որին, ի դեպ, տուժող կողմը ներգրավված չի եղել, մեզ ոչ մի տեղեկություն չեն տրամադրել, իսկ այդ ընտրություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն հայտարարում է՝ օրենքի դիկտատուրա եմ հաստատելու, Սասնա ծռերի խոշտանգման գործը կարճվում է: Արմեն Ղազարյանի մասով կարճվել է, մնացած ոստիկաների մասով էլ կասեցվել է:

Արմեն Ղազարյանն ազատության մեջ է: Երբ նրան մեղադրյալ են ներգրավել խոշտանգման գործով, նա Ռոբերտ Քոչարյանին էր տանում-բերում դատարան: Բռնություն գործադրողները շարունակում են աշխատել ոստիկանական համակարգում եւ հայտարարում են՝ ոստիկանական համակարգ են բարեփոխում»,- ասաց Արա Ղարագոզյանը:

 «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ՀՔԾ-ի կողմից քրգործի կասեցումը համարում է քաղաքական պատվեր:

«Այսպես կոչված հեղափոխության հետեւանքով Հայաստանում ոչ միայն փոփոխություն չի եղել, այլեւ էլ ավելի խորացել գաղութային կախվածությունը ՌԴ-ից: Սասնա ծռերի ապստամբությունն ապստամբություն էր այս համակարգի դեմ, ապա մինչեւ վերջ պետք է համակարգը չվերահաստատի իր չարկերտավոր արդարացիությունը: Սա պատվեր է Կրեմլից, որը ջանասիրաբար՝ անձնական վրեժխնդրությամբ պայմանավորված իրականացնում է Նիկոլ Փաշինյանը»,-նշում է Վարուժան Ավետիսյանը:

Վարուժան Ավետիսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՀՔԾ-ն այս քրգործը «փակում է» Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության ֆոնին, որ Հայաստանում այսուհետ օրենքի դիկտատուրա է լինելու եւ որեւէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից:

Գաղությում քաղաքական իշխանություն չի փոխվում, գաղութում փոխվում է ադմինիստրացիա: Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրգանական շարունակություն է: Իրավական համակարգում փոփոխություն չի եղել եւ չի լինելու, վիճակը գնալով ավելի է վատանալու:  Գաղություն կարգ ու կանոն չի կարող լինել, օրենքի դիկտատուրա չի կարող լինել: Մարդկանց խաբում են, Նիկոլ Փաշինյանը, երբ է ճիշտ ասել, որ հիմա ասի:

Նարեկ Կիրակոսյան