Վրաստանի իշխանությունները օպերատորի մահը կապում են թմրանյութերի չարաշահման հետ

59

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ փորձաքննության միջանկյալ տվյալները վկայում են, որ վրացական հեռուստաալիքի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան հավանական պատճառ է դարձել թմրանյութերի չարաշահումը:

«Քիմիական փորձաքննության եզրակացության համաձայն` Ալեքսանդր Լաշկարավայի մարմնից վերցված փորձանմուշները պարունակել են մորֆին, կոդեին, տետրահիդրոկանաբինոլ, գաբապենտին և մոնոացետիլմորֆին տեսակի թմրանյութեր: Փորձաքննության համաձայն` մահվան պատճառ կարող էր հանդիսանալ թմրանյութերի չափից մեծ քանակով օգտագործումը: Հարկ է նշել, որ այս եզրակացությունը միջանկյալ է»,- Новости-Грузия-ի փոխանցմամբ` ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով` Լաշկարավան մահվանից մեկ օր առաջ դեղատնից հոգեմետ դեղեր և մեկանգամյա օգտագործման ներարկիչներ է ձեռք բերել: Հետաքննությունը պարզել է, որ Լաշկարավան մի քանի անգամ թմրանյութեր է ձեռք բերել ընկերոջ հետ և դրանց օգտագործումից հետո վատացել է:

Հիշեցնենք, որ մահացել է վրացական «Փիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշկարավան, որը հուլիսի 5-ին Թբիլիսիում ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի հակառակորդների կողմից։ Ինչպես հայտնել է հեռուստաընկերությունը, Լաշկարավայի մարմինը կիրակի օրը՝ հուլիսի 11-ի առավոտյան իր տանը հայտնաբերել էր օպերատորի մայրը։ 

Լաշկարավան ծեծի էր ենթարկվել հուլիսի 5-ին «Ամոթ» քաղաքացիական շարժման շքամուտքում՝ ծայրահեղական խմբերի ներկայացուցիչների հարձակման արդյունքում։ Նրա հետ եղել էր լրագրող Միրանդա Բագատուրիան։ Հարձակումից հետո օպերատորը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հարվածել են դեմքին և գլխին։  

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Գոգիան Լաշկարայի մահվանից հետո իր թվիթերյան էջում գրառում է կատարել ողբերգական դեպքի մասին, նշելով. «Մահվան իսկական պատճառը պետք է դեռ պարզվի և հաստատվի: Բայց արագ հաշվետվողականությունը պարտադիր է, մասնավորապես՝ անհապաղ անհրաժեշտություն է իշխանության պատասխանատվությունը՝ դատապարտելու բռնությունը»: