«Շատ կարեւոր է՝ չնշանակվեն մարդիկ, որոնք նախկինում դատավոր են եղել». փաստաբանը՝ նոր դատավորների նշանակման մասին

68

«Դատավորների թվի ավելացումը բարեփոխումների մի մասն է, այնպես չէ, որ թվի ավելացնումն ամբողջությամբ կփոխի համակարգի  պատկերը»,- այս մասին forrights.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեւորգ Գյոզալյանն՝ անդրադառնալով Կառավարության՝ դատավորների թիվը 20-ով ավելացնելու որոշմանը:

Կառավարությունը  20-ով ավելացրել է դատավորների թիվը՝ Դատական օրենսգրքի փոփոխությունների  համաձայն: Այդ փոփոխություններով միջդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ հետախուզական գործերի հետ կապված քրեական մասնագիտացման առանձին դատավորների ինստիտուտ է ներդրվում։ Օրենքով նախատեսվում է 8 դատավորով ավելացնել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ինչպես նաեւ  ևս մեկական դատավոր էլ մարզերի դատարաններում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ դատավորների թվի ավելացումը պետք է դիտարկել դատական համակարգում բովանդակային բարեփոխումների համատեքստում: «Մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը և մյուս կողմից նոր, թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, պայմանական ասած՝ մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները հենց իրենք իրենց բնույթով, էությամբ և ծագմամբ կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում և դրսևորում».- կառավարության նիստում ասաց Փաշինյանը։

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը կարծում է՝ Կառավարության այս որոշումը դրական ազդեցություն կունենա, եթե նոր նշանակվող դատավորները համակարգից չլինեն, այլ դրսի ընտրված կադրեր լինեն:

«Եթե նրանց հաջողվի առողջ կադրեր ներգարվել դրսից, ապա այս փոփոխությունը եթե դրական ազդեցություն չունենա, ապա բացասական չի լինի… Մենք ունենք 230 դատավորներ, որոնք փակ համակարգում գոյատեւել են եւ որտեղ դեռ սովետական միությունից եկած փիլիսոփայություն է, որը որեւէ ձեւով չի փոխվում: Մենք ունենք պահպանողական դատական համակարգ: Վերջին շրջանում որոշակի բեկում ունենք վերաքննիչ դատարանում, ունենք անհատներ, որոնք որ ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս, որ հակադրվում են պահպանողական համակարգին: Եթե այսպիսի դատավորներ մտնեն համակարգ, որոոնք մարտահրավեր կնետեն հին փիլիսոփայությանը: Այստեղ, այո, պատկերը կարող է փոխվել: Շատ կարեւոր է, որ չնշանակվեն մարդիկ, որոնք նախկինում դատավոր են եղել կամ նախկին գաղափարախոսության կրողն են»,- ասաց փաստաբանը:

Հեղափոխությունից հետո քաղհասարակությունը եւ իշխանության եկած քաղաքական ուժը հայտարարում էին, որ դատարաններն անկախ չեն, որովհետեւ դատավորների զգալի մասը կախվածություն ունի նախկիններից: Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք չկան մտավախություններ, որ այս իշխանության օրոք նշանակվող դատավորներն էլ օրվա քաղաքական մեծամասնության սրտով որոշումներ կկայացնեն:

«Որեւէ բանում չենք կարող վստահ լինել, բայց այդքան էլ էական չէ, թե ով է նրանց նշանակում դատավոր: Եթե նշանակվում է որեւէ իշխանության օրոք, դա դեռ չի նշանակում, որ հավատարմության երդում է տալիս քաղաքական ուժին, եթե բացառում ենք կուլիսային պայմանավորվածությունը»,- ասաց նա:

Հուլիսի  7-ին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է նշանակվել Տիգրան Սահակյանը՝ փոխրինելով Վազգեն Ռշտունուն, ն նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Գեւորգ Գյոզալյանն այս տեղափոխությունը հետեւյալ կերպ է մեկնաբանում:

«Պահպանողական համակարգի պահպանողական դատավոր է: Նոր մարդ չէ դրսից եկած, ներսի դատավոր է, որը նախագահ է նշանակվել: Հասարակությունը շատ է կլարեւորում դատարանի նախագահի պաշտոնը: Դա վարչական բնույթ ունեցող պաշտոն է եւ որեւէ բանով առավել չէ մյուս դատավորներից»,- ասաց նա:

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները խոստացան դատավորների վեթթինգ, որն այդպես էլ կյանքի չկոչվեց: Ներդրվեց դատավորների բարեվարքության համակարգ, որը քննադատությունների արժանացվա քաղհասարակության կողմից: Այժմ հետաքրքիր է՝ թավշյայից պողպատյա կառավարման անցած Փաշինյանը դատական համակարգում ինչպիսի փոփոխություններ կիրականացնի: Հիշեցնենք՝ նա նախընտրական շրջանում հայտարարում էր, որ «դատական համակարգը մեզ մեջքից հարվածում է»:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Նարեկ Կիրակոսյան