« Ամեն օր այդ նույն ժամին սպասում եմ իր զանգին, բայց չկա…»

178

36- ամյա Յուրիկ Սարգսյանը զոհվել է նոյեմբերի 6- ին Շուշիում` դիպուկահարի կրակոցից: Նա ամուսնացած էր, ունի երկու դուստր` 8 եւ 11 տարեկան: Աղջիկները արդեն գիտեն, թե ինչ է պատահել հոր հետ, սակայն այդ մասին չեն խոսում:

« Երբ լսեց պատերազմի բոթը, հենց առաջին օրվանից գնաց կամավորագրվեց,  չէին կանչում իրան: Անընդհատ հետաձգում էին, այսօր- վաղը, այսօր- վաղը… բայց ինքը այնքան գնաց, գիշեր-ցերեկ զանգեց, կապնվեց, մինչեւ հոկտեմբերի 22-ին ծանուցագիր եկավ»,- պատմում է Յուրիկի մայրը` Կարինե Վարդանյանը: Մոր եւ որդու վերջին հանդիպումը եղել է նույն հոկտեմբերի 22-ին` զինվորական կոմիսարիատի մոտ:

«Ես զգում էի: Երբ ավտոբուսը արդեն շարժվեց, պետհամարանիշները մեքենայի փակ էին, հենց այդ պահից, չգիտեմ, մի վատ կանխազգացում առաջացավ: Ամեն րոպե ես մի վատ բանի սպասում էի: Ամեն վայրկյան: Չէի գտնում տեղս… Իրա տրամադրությունը շատ բարձր էր, ուրախ եր, հանգիստ էր, կատակում էր: Հորն ասաց` մամայիս լավ կնայես, մինչեւ գամ հասնեմ: Ինձ ասաց` պապային չնեղացնես մինչեւ կգամ… Նոյեմբերի 6-ի առավոտյան զանգեց… զանգում էր առավոտյան 9:30, ասում էր` զանգում եմ, որ ձենս լսես, իմանաս, որ լավ եմ… Այդ օրը զանգեց ասեց` մամ, զանգել եմ, բայց տեղափոխվում ենք ուրիշ տեղ, հասնեմ տեղ, կզանգեմ: Սպասում եմ: Ամեն օր այդ նույն ժամին սպասում եմ իր զանգին, բայց չկա… »,- ասում է տիկին Կարինեն:

Թեեւ Յուրիկը ամեն օր առավոտյան զանգել է հարազատներին, ասել, որ լավ է, սակայն որեւէ խոսք անգամ չի ասել, թե կոնկրետ որտեղ է գտնվում եւ ինչ է կատարվում իր շուրջը: Ավելի ուշ ծնողները իմացել են, որ Յուրիկը մասնակցել է մարտական գործողությունների Կարմիր Շուկայում, Մարտունիում, ապա տեղափոխվել է Շուշի:  «Այդ ժամանակ ինքը մեզ զանգում էր, ասում եր` մամ, անտառում մեզ համար, ոչ մի բան չկա, հանգիստ ա, վայելում ենք կյանքը»,- պատմում է մայրը:

Զոհված կամավորի մոր խոսքով, իր սփոփանքն այն է, որ հուղարկավորությունից առաջ կարողացել է վերջին անգամ տեսնել որդուն եւ հրաժեշտ տալ նրան. «Միակ սփոփանքս դա է, որ իրան տեսել եմ, ամբողջությամբ, գիտեմ, որ ինքն է: Կես-Կես չի եղել, փակ չի եղել: Գիտեմ որ ինքն ա եղել, իմ բալեն ա եղել: Ուրիշ ոչ մի բան չգիտեմ…Հարցեր կան, որոնց պատասխաններն էլ ոչ ոք չգիտի»:

Յուրիկ Սարգսյանը հուղարկավորված է Եռաբլուրում: Տիկին Կարինեն որդու շիրիմին այցելում է ամեն օր: Ասում է` միայն այնտեղ է իրեն հանգիստ զգում:

Անի Գևորգյան