«Չեմ ցանկանում թաքնվել ձևական հարցերի հետևում»․ ՍԴ-ն չքննեց Գրիգորյանին քննությունից հեռացնելու միջնորդությունը

83
Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի այսօրվա նիստին «Զարթոնք» ազգային֊քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին։

Զոհրաբյանը միջնորդության հիմքերը ներկայացնելիս նշեց, որ իր կարծիքով Վահե Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունի կողմնակալ վերաբերմունք, քանի որ ժամանակի եղել է Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպական դատարանում, իսկ ՔՊ-ն այս գործով ներգրավված է որպես երրորդ կողմ։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, միացավ Զոհրաբյանի ներկայացրած միջնորդությանը, նշելով, որ այլ հիմքերով րենք ևս նմանօրինակ միջնորդություն են ներկայացրել Բարձր դատարանին։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ այս փուլում հարցը չի կարող քննության առարկա դառնալ, քանի որ այդպիսի միջնորդության փուլն անցել է։

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ, եթե կողմը կարծում է, որ դատավորներից մեկը կողմնակալ է, ապա ավելի վաղ պետք է նման միջնորդություն ներկայացնել։ Բացի այդ Բադասյանը նկատեց, որ չի կարելի փաստաբանին և վստահորդին նույնացնել։

Վահե Գրիգորյանն իր խոսքում ասաց, որ դատարանի որոշելիքն է՝ հարցը քննարկել թե ոչ, բայց ինքը պատրաստ է կրկին բացատրություններ ներկայացնել.

«Ձեր բարձրացրած հարցը քննարկվել է աշխատակարգային նիստին։ Հարցը բարձրացվել է դատարանի կողմից և ստացվել է մեկ «կողմ» ձայն։ Ես, ինձ թվում է՝ նաև դատարանը, չի ցանկանում թաքնվել ձևական հարցերի հետևում»։

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հակասեց մյուս դատավորներին` ասելով, թե միջնորդությունը կարող է բարձրացվել, սակայն դատարանն է որոշում` այն քննել, թե ոչ։ ՍԴ նախագահ Դիլանյանն ասաց, որ այդ միջնորդությունը բովանդակային առումով քննության առարկա է դարձել։

Ի վերջո, հարցը չքննարկվեց։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը միավորել և մեկ վարույթում է քննում քաղաքական ուժերի դիմումները, որոնցով բողոքարկել են 2020 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքը, « Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունը», « Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» դաշինքը։

Ռոզա Վարդանյան