Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժի դիմումների քննությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը` ներկայացված դիմումների կապակցությամբ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց հայրենիք» կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։ Նրանք պահանջել են կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել 12 կետանոց դիմումով` 109 ընտրական տեղամասերի վերաբերյալ, ընտրողների շուրջ 88 000 ձայների շուրջ, որոնցից 4000-ի դիմաց դաշինքի անդամներն արձանագրել են, որ ընտրողների ցուցակում բացակայում են ստորագրությունները․
«ՍԴ-ն դիմումը քննության առարկա է դարձնելու քանակական խախտումների իմաստով, դրանք ընտրական տեղամասերի վերաբերյալ առկա տվյալներն են, այսինքն՝ բուն քվեարկության օրվա խնդիրները: Բացի այդ, դատարանը կքննի ընտրական գործընթացի արդյունքները որակական իմաստով․ սա արդեն վերաբերվելու է այն հարցերին, որոնք մենք ներկայացնում ենք ապրիլի 25-ից»,- ասուլիսի ժամանակ նշեց դաշինքի անդամ ու պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Հայցադիմումի հետ միասին, դաշինքը նաև միջնորդություն էր ներկայացրել գործին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ: Վարդևանյանի խոսքով՝ Գրիգորյանը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատավարական հակառակորդ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի, բացի այդ պաշտպանում էր հիշյալ անձանց առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, ուստի՝ Գրիգորյանն ընտրությունների գործով կանխակալ վերաբերմունք կունենա։
Նշենք, որ ըստ օրենքի, ինքնաբացարկի հարցը ՍԴ-ում քննության առարկա կարող է դառնալ միայն եթե դատավորներից մեկը այդ հարցը բարձրացնի։ Ստացվում է, որ անդամներից մեկը համակարծիք է եղել Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հետ։
Միջնորդությունը, սակայն, հուլիսի 5-ի աշխատակարգային նիստում քննվել և մերժվել է բարձրագույն դատարանի կողմից։ Այլ մանրամասներ՝ չեն նշվում։
Մոտ 66 հազար ընտրողների քվե կամ 7 մանդատ ստացած «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել էր, որ իրենց պատրաստած դիմումում անդրադարձել են վարչական ռեսուրսի օգտագործմանը, զինվորականների ուղղորդմանը, արդար և մրցակցային ընտրական պահանջները օրենքով նախատեսված խախտմանը և այլն։
Ըստ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության՝ ոտնահարվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը․
«Առկա է եղել նաև ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա»,- նշել է կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
Իսկ «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացրած դիմումը վերաբերել է միայն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։
Նշենք, որ քննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին՝ բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: