Բաքվում հայ գերիների դատավարությունն ակնհայտ բեմականացված է. Այս մասին հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար։
Կիրակոսյանը նշեց, որ գերիների վերաբերյալ տեղի ունեցող գործընթացները բազմաշերտ են, տարբեր ուղղություններով աշխատանքներ են իրականացվում՝ ուղղված թե՛ նրանց վերադարձին, նաև իրավական մեխանիզմների գործարկմանն ուղղված քայլերին։ Դրանց շրջանակներում առկա առանցքային միջազգային իրավական մեխանիզմներից մեկը Եվրոպական դատարանի կողմից կիրառվող հրատապ միջանկյալ միջոցներն են։
Կիրակոսյանը կարևոր է համարում դատարանի հետ աշխատանքը, որն այս փուլում պետք է շարունակել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարության կողմից փորձեր արվեցին կրկին ընդլայնելու, մի քիչ ավելի ճկուն մոտեցում պարտադրելու դատարանին։
Կիրակոսյանը նշեց, որ նախարարների կոմիտեում տեղի ունեցածը գոհացուցիչ չէր, քանի որ հարցի վերաբերյալ բուն քննարկում չի եղել, արդյունք չեն տեսել՝ ավելի շատ քաղաքական պատճառներով․ Ադրբեջանում էլ շարունակվում են հայ գերիների նկատմամբ դատավարությունները:
«Բաքվում ընթացող ապօրինի, շինծու դատական պրոցեսները ակնհայտորեն բեմականացված պրոցեսներ են։ Ի սկզբանե ամբողջովին ապօրինի են և զուրկ են որևէ իրավական հիմքից կամ բովանդակությունից։ Ավելի շատ ենթադրում են իրենց քաղաքական գծին օժանդակելուն ուղղված քալեր»։
ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանն իր հերթին շեշտեց՝ դատավարությունները, որոնք իրականացվում են Բաքվում՝ բեմականացված են և նրանց հիմնական սպառողը միջազգային հանրությունն է՝ քաղաքական պատճառներով։ Նրա խոսքով՝ Բաքվի համար լավ հնարավորություն է ստեղծված չարաշահելու հայ ռազմագերիների իրավունքները և հենց նրանց միջոցով գեներացնել ապացույցներ, որոնք պետք է օգտագործվեն ադրբեջանական թեզերը հիմնավորելու համար։
«Պրիմիտիվ է գործում Բաքուն։ Օրինակ, եթե գերեվարված անձը ավելի ավագ տարիքային խմբի է պատկանում, ուրեմն ըստ նրանց տրամաբանության՝ հնարավոր է տարիքով պայմանավորված՝ լինեն առաջին պատերազմի մասնակից, ուրեմն լավ սուբյեկտ է ադրբեջանական ռազմագերիների հետ կապված կեղծ պատմություններ ստեղծելու և միջազգային հարությանը մատուցելու համար։ Նպատակը ՀՀ-ի հեղինակությունը գցելն է և ինչու ոչ պաշտպանվելը»։
Բաքուն ցանկանում է հայելային արտացոլանք տալ, միջազգային հանրությանը ապացուցել, որ այդ հանցագործությունները կատարվել են ոչ միայն իրենց, նաև ՀՀ-ի կողմից։
Ռազմական գործեր քննող ծանր հանցագործությունների դատարանը չի կարող անկախ գործել հայ ռազմագերիների նկատմամբ և չեն կարող անաչառ լինել։ Ադրբեջանի արդարադատության համակարգը եկել է սպասարկելու քաղաքական գիծը։
«Խախտվում է կենսական իրավունքներ՝ պաշտպանության իրավունքը, մեր ռազմագերիները առանձին դեպքերում ստորագրում են փաստաթղթերի տակ՝ հարկադրանքի ուժով, որի բովանդակությանն անգամ ծանոթ չեն։ Կյանքի սպառնալիքի ներքո են որոշ ցուցմունքներ կորզվում »,- ասաց Սահակյանը։
Այս դատավարության արդյունքը այս պայմաններում չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից։
Կիրակոսյանը հավելեց, որ պրոցեսների ընթացքի վերաբերյալ անհանգստություն ունենալով, փորձեցին դատարանին ներկայացնել որոշակի խնդրանքներ, որպեսզի պարտավորեցնեն Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, տրամադրել ՀՀ կառավարությանը քրեական գործի բոլոր նյութերը, նաև պահանջ ներկայացրեցին առ այն, որ եթե դատարանը նմանատիպ քայլերիչ չդիմի, ապա այս պրոցեսները ուղղակիորեն ամենօրյա ռեժիմով խախտելու են արդար քնության ընթացքում անձանց երաշխավորված իրավունքները։
«Հաշվի առնելով դատարանի՝ արդեն իսկ կայացրած նախադեպային իրավունքը, փորձ արեցինք, որպեսզի դատարանը կիրառի միջանկյալ միջոց՝ դատավարությունների ընթացքում գրանցվող խախտումների կանխելու տրամաբանկության մեջ՝ հիմք ընդունելով այն, որ ի վերջո 6-րդ հոդվածով երաշխավորված արժեքների կամ իրավունքների պաշտպանությունը չտրամադրելը հանգեցնում է 2-րդ, 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման»։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատեց՝ ադրբեջանական իշխանությունները ամեն ինչ անում են, որ օրինականացնեն ընթացող դատավարությունները, չնայած դատավարությունները ակնհայտ ապօրինի և շինծու են։
Թաթոյանը՝ անդրադառնալով գերիների փոխանակման գործընթացներին, նշեց ՝ ՀՀ-ն և Արցախը մարդասիրական հարցերը միշտ են կարևորել, բաց չպետք է թույլ տալ, որ քարտեզների տրամադրմամբ միջազգային հանրության մոտ կարծիք ձևավորվի, որ գործընթացը սահուն ընթանում է, պետք չէ, որ միջամտեն։
«Պետք չէ թույլ տալ, որ Ադրբեջանական իշխանությունները գերիների հետ կախպված հարցը կապեն այլ հարցին ու քաղաքականացնեն։ Դրանք միջազգային իրավունքով լուծվող հարցեր էին ու դրանով հարցը լուծված էր։ Դատավարությունների նկարների հրապարակումը, տարածումը, ընդ որում ադրբեջանական մեդիան հատուկ կազմակերպված վերնագրով է տարածում, դա լրացուցիչ ալիք է ստողծում իրենց հանրության մեջ ատելության և թշնամանքի հետ կապված»։
Կիրակոսյանը ցավով արձանագրեց, որ դատարանը մերժել է ներկայացրած միջնորդությունը, որը ներկայացրել էին հունիսի 30-ին, մերժումը ստացել են հուլիսի 2-ին։
«Չնայած, այս միջանկյալ միջոցների տրամաբանության մեջ աշխատանքը շարունակվում է, բայց հայկական կողմը շարունակում է այս ապացույցների համախումբը ներկայացնել արդեն ընթացող միջպետական գանգատի քննության շրջանակներում, որը մի փոքր ավելի երկարատև է լինելու, բայց ավելի բովանդակային ու խորը քննություն է լինելու կոնկրետ խախտումների վերաբերյալ»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: