ՀՀ-ում Սահմանադրության օրն է

44

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:

Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. — «2021 թվականի հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը լրումին հասած: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:

2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո սահմանադրական այս դրույթը Հայաստանում հաստատված է անշրջելիորեն: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ այդմ, ցույց տվեցին, որ վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, և Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց: Սա սահմանադրական իրականություն ստեղծելու մեր առաքելությունը նոր թափով կյանքի կոչելու ամուր նախադրյալներ է ստեղծում»:

«Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը», — ասված է ուղերձում, որ տարածել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը նշում է, որ «այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով»:

«Խոնարհվելով հանուն հայրենիքի, հանուն ինքնիշխան պետության իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրների ու քույրերի հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա՝ հուլիսի 5-ի առիթով», — ասված է պետության ղեկավարի ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. — «Սահմանադրությունը ոչ թե ստատիկ, այլ՝ դինամիկ փաստաթուղթ է: Այն պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին և ուղղված լինի վերոնշյալ անփոփոխելի դրույթներով ամրագրված սկզբունքների իրագործմանը:

Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն:

Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում:

Այսօր մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Ստանդարտ լուծումներին զուգահեռ՝ անհրաժեշտություն կա նաև ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելու առկա բազմաշերտ և բազմաբաղադրիչ ճգնաժամը:

Այսօր կարիք ունենք նախապատրաստելու անհրաժեշտ հիմք մեր պետության կյանքում նոր էջ բացելու համար: Վերջին երեք տարիներն ավելի ակնհայտ դարձրեցին, որ գործող Սահմանադրության առանձին դրույթներ չեն նախատեսում լավագույն լուծումները մեր երկրի ու հասարակության առաջ ծառացած բոլոր մարտահրավերներին և ճգնաժամերին արագ, լիարժեք ու հավասարակշռված արձագանքելու համար:

Հետևաբար, գիտակցելով Սահմանադրության, որպես ամբողջական փաստաթղթի կենսական կարևորությունը յուրաքանչյուրիս և ողջ երկրի համար, անհրաժեշտություն կա կատարելագործել այն, դարձնել երկրի ապագային միտված, մեր պետական և ազգային շահերից բխող առաջնահերթություններին առավել համահունչ՝ միաժամանակ, անվերապահորեն հավատարիմ մնալով Սահմանադրության անփոփոխելի հոդվածներով ամրագրված սկզբունքներին»:

«Պետք է անենք առավելագույնը պետականության պահպանման, մեր ազգային ինքնության վերաիմաստավորման, ազգային գաղափարախոսության սահմանման և հաջորդ սերունդներին արժանապատիվ ապագա ապահովելու համար:

Մայր Օրենքի հանդեպ հարգանքը, դրանով մեր իրավունքներին տեր լինելը և, միաժամանակ, մեր պարտականությունները կատարելն այդ գործընթացների անբաժանելի մասն են», — Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Արմեն Սարգսյանը: