«Շատ դժվար է, երբ գերի ես». Հակոբ Ինջիղուլյան

216

2013 թվականի օգոստոսի 8-ի գիշերը 22-ամյա հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, որը տեսողական խնդիրներ ուներ, դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվեց ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագծում և գերի ընկավ: Նա միակն էր մինչ օրս վերադարձած ռազմագերիներից, ով ցանկություն էր հայտնել շարունակել ծառայությունը հայկական բանակում: Այդ խնդրանքով նա դիմել են այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինս առ ժամանակ մտածելով, քննարկելով առաջարկը, թույլ էր տվել:

Հակոբ Ինջիղուլյանը, որն ընտանիքի, երեխաների հետ բնակվում է հայրենի Ոսկեվազ գյուղում, Աշտարակից ոչ հեռու, Forrights.am-ի հետ զրույցում վերհիշեց որոշ մանրամասներ գերության շրջանից, զուգահեռներ անցկացրեց այսօրվա ռազմագերիների վիճակի հետ: Նա ոչ բոլոր հարցերին էր ցանկանում պատասխանել, բայց կարևոր պատասխանները լսեցինք: Ասաց, որ իր ազատման հարցում մեծ ջանքեր է գործարել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը, որն այսօր էլ պետք է ակտիվ լինի: 

«Իմ պարագայում, ինձ ադրբեջանական իշխանությունները թույլ չէին տալիս, որ գայի Հայաստան: Ստիպողաբար պնդում էին, որ պետք է գնամ երրորդ երկիր: Ես ՄԱԿ-ի գրասենյակի ջանքերով գնացի երրորդ երկիր՝ Ռումինիա, մեկ ամիս ապրեցի Ռումինիայում, փախստականների ճամբարում, բայց չցանկացա մնալ այնտեղ: Շատ էի ուզում գալ Հայաստան: Ես դիմեցի մեր պաշտպանության նախարարությանը, մեր իշխանություններին, ու հատկապես ՊՆ-ի  ջանքերով եկա Հայաստան», — հիշում է Ինջիղուլյանը: Վերադառնալով Հայաստան, նա մասնակցել է իր գերեվարման հետ կապված քրեական գործի նախաքննությանը:
Ցուցմունք է տվել քննիչներին, թե գերության ընթացքում ինչ կտտանքների ու խոշտանգումների է ենթարկվել:

Ամիսը մեկ անգամ «Կարմիր խաչ միջազգային կոմիտեի» կազմակերպության ներկայացուցիչների այցելությունից առաջ «մայոր» կոչումով մի սպա ծեծի է ենթարկել իրեն, ստիպելով այդ կազմակերպության ներկայացուցիչներին հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան, և, իբր, հայրենիքում իր նկատմամբ բռնություն են գործադրել: Եւ ինքը ստիպված Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ասել է ադրբեջանցիների պահանջածը:

«Եղել են դեպքեր, երբ որ մեր գերիների ձեռքը հենց իրենք՝ ադրբեջանցիները զենք, նռնակներ են տվել, ու ստիպել են խոստովանել, թե իբր, մերոնք դիվերսանտն են»,- պատմում է նախկին ռազմագերին: Դիմադրելու որևէ հնարավորություն չի եղել:

Ինջիղուլյանին որպես նախկին ռազմագերու մի քանի հարց ուղղեցինք այսօրվա գերիներին առնչվող:

— Ի՞նչ եք կարծում, արդարացի են այն մարդիկ, որոնք մեղադրում են կառավարությանը, իշխանություններին ռազմական գաղտնիքները՝ ականապատ տարածքների քարտեզները թշնամում գերիների դիմաց տալու համար:

-Ոչ մեկի համար էլ նորություն չի, որ ցանկացած գերու հարցաքննում են, թե ինչ կա զորամասում, քարտեզների վերաբերյալ: Ինձ էլ են այդպես հարցաքննել, և ես կարծում եմ, որ եթե թեկուզ սխալ բաներ ասես, իրենք իսկույն կհասկանան: Իմ օրինակով ասեմ՝ եղել են բաներ, որ ես հայտնել եմ, զգուշանալով, իմ կյանքի համար, քանի որ ոչ մի կասկած չկար, որ եթե սխալ ասեի, կամ ոչինչ չասեի, լռեի, հաստատ ինձ գնդակահարելու էին: Չգիտեմ, կարծում եմ՝ կարևորն այն է, որ ողջ-առողջ հետ եմ վերադարձել: Շատ դժվար է, երբ գերի ես:

— Իսկ ի՞նչ կասեք այն ռազմագերիների մասին, որոնց Հայրենիք վերադարձնելուց հետո կրկին ուղարկել են բանակ, իրենց ցանկությանը հակառակ:

— Ես ինքս եմ ցանկացել շարունակել: Դա չպետք է լինի ստիպողաբար, եթե ստիպում են, սա արդեն չափազանցություն է:

— Որքա՞ն ժամանակ, ձեր կարծիքով, տղաները դեռ կմնա՞ն գերության մեջ: Ո՞ր ժամկետն է ռեալ:

— Չեմ կարող ասել, թե ինչքան: Կարմիր Խաչը, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակն ու մեր կառավարությունը, հիմնականում՝ ԱԳՆ-ն պետք է ամեն ինչ անեն: Ես մեկ տարի մնաց ել եմ գերության մեջ:

Սյուզան Սիմոնյան