2018 օգոստոսի 30-ին Երևանում, Արարատյան փողոցի տներից մեկում տեղի ունեցավ զարհուրելի սպանություն: Զոհը 28-ամյա Մարինե Դանիելյանն էր, որը վարձով մնում էր այդ տանը: Նրա մարմինն ոստիկանները կտրող-ծակող գործիքով հասցված 65 վնասվածք հայտնաբերեցին: Նույն օրը ձերբակալվեց Մարինե Դանիելյանի նախկին ամուսինը՝ Աբովյանի 38-ամյա բնակիչ Կարեն Հովհաննիսյանը, որի հետ Մարինեն ընդհանուր երեխա ուներ: Նրա մեքենան հարևաններն այդ օրը տեսել էին բակում: Անցել է երեք տարի, բայց որևէ ուղղակի ապացույց, որ սպանությունը կատարել է Կարեն Հովհաննիսյանը, քննչական մարմինը և դատարանը, որն այժմ քննում է գործը, չունեն:
Այդ են փաստում և Կարեն Հովհաննիսյանի կինը՝ Արևիկ Ա-ն, և նրա նախկին ու ներկա փաստաբանները:
Կարեն Հովհաննիսյանը քննությունից չի խուսափել: Պատմել է ոստիկանությունում, որ սեպտեմբերի 30-ին գնացել էր Մարինեի մոտ, նրան ճանապարհելու օդանավակայան: Ումից էր փախչում Մարինեն, նա չգիտեր, բայց գնալով նրա մոտ, ըստ Հովհաննիսյանի, ինքը հարձակման է ենթարկվել այնտեղ գտնվող մի քանի տղամարդկանց կողմից, հետո հեռացել է:
Հովհաննիսյանին արդեն մոտ երեք տարի պահում են կալանքի տակ:
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «առանձին դաժանության» սպանություն:
Կարեն Հովհաննիսյանը «Պանտերա» պահնորդական ծառայության աշխատակից էր:
Ըստ քրեական գործի նյութերի, նա «սիրային կապի մեջ է գտնվել Մարիամ Ռաֆիկի Դանիելյանի հետ և 2016թ. ունեցել են մեկ երեխա: Նրան տեսակցելու հարցի շուրջ տևական ժամանակ ունեցել են լարված հարաբերություններ, ինչը և հանգեցրել է վեճի ու սպանության: Ոչ դեպքից անմիջապես հետո, ոչ էլ հետագայում Կարեն Հվհաննիսյանը չի ընդունել մեղադրանքը:
2019 թվականին 48 օրով հացադուլ է արել, հրավիրելով դատախազության ուշադրությունը: Դատախազները այցելել են նրան, համոզել են, որ կվերանայեն գործը, որ օբյեկտիվ քննություն կապահովվի: Կարեն Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, սակայն դատախազներն իրենց խոստումը չեն պահել: Նրան շարունակում են պահել կալանքի տակ, համարելով, որ նա, ազատության մեջ հայտնվելով, կխոչընդոտի դատաքննությանը:
«Նուբարշեն» ՔԿՀ-ում անցկացրած երեք տարում Հովհաննիսյանի առողջությանը անդառնալի վնաս է հասցվել: Նրան ծեծի ու խոշտանգումների են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, պահանջելով, որ ընդունի մեղքը:
Այս մասին Forrights.am-ին հայտնեց Կարենի կինը՝ Արևիկը, վերհիշելով երեք տարվա վաղեմության դեպքերը, երբ ծեծված ամուսնուն տեսել է հիվանդանոցի ենթամոըտքի մոտ:
«72 ժամ կալանքից հետո նրան տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այնտեղ, երևի, ծեծել են: Հետո իմացանք, որ տարել են էրեբունի ԲԿ, ահավոր վիճակի մեջ էր:
Ես հեռվից եմ իրեն տեսել, մի աչքը փակ, մի աչքը բաց, ահավոր վիճակում էր: Մարմնի մի կողմը թուլացած, չէր աշխատում: Էդ վիճակով իրեն «Էրեբունի» տարան, հետազոտություններ արեցին, բայց չընդունեցին: Պահեցին մինչև առավոտ, առավոտյան այլ մուտքով դուրս տարան, այնպես տարան, որ մենք չհասցնենք իրեն տեսնել: Մեզ ներս չէին թողնում: էլի հետ տարան «Դատապարտյալների հիվանդանոց», հետո տեղափոխեցին Մասիվի՝ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վերակենդանացման բաժանմունքում «կլադովկի» պես տեղ կար, շիրմայով: Ես իրեն այնտեղ եմ տեսել մի պահ, կապտուկներ կային վրան: Մարմնի վրա մատնահետքերի տեղեր կային: Նուբարաշենի պետի տեղակալն ինձ ասեց՝ բժիշկը կմճտել ա, որ կարողանա ուշքի բերի, դրանից ա կապտուկ եղել: Կարենը գոռում էր, ասում էր՝ «մարդու իրավունքներ կանչեք»: Ես զգացի այդ մարդկանց վախը, Կարենը բան չէր ասում, վախեցածի տպավորություն էր թողնում: Ես դա իմ աչքով եմ տեսել», — պատմում է Կարեն Հովհաննիսյանի կինը:
Նա վստահեցնում է, որ իր ամուսինը չուներ առողջական խնդիրներ, իսկ հիմա հիվանդ, հաշմանդամ է, մի կերպ սայլակով է տեղափոխվում:
Քաղվածք կալանավոր Հովհաննիսյանի պաշտպանի միջնորդությունից, որով պահանջում էր դատարանից փոխել խափանման միջոց կալանքը. «Կարեն Հովհաննիսյանը շուրջ 2.5 տարի գտնվում է կալանքի տակ: Մինչև ձերբակալվելը և կալանավորվելը վերջինը որևէ լուրջ առողջական խնդիրներ չի ունեցել, սակայն քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, ձեռք է բերել մի շարք հիվանդություններ՝ դառնալով երկրորդ խմբի հաշմանդամ: Մասնավորապես՝ 2020 թվականի մայիսի 20-ին բժշկասոցիալական փորձաքննության թիվ 1472855 որոշմամբ Կարեն Հովհաննիսյանին տրվել է հաշմանդամության երկրորդ խումբ, իսկ 2020 թվականի մայիսի 13-ին <<Նորք-Մարաշ>> ԲԿ-ի մեծահասակների սրտաբանական կլինիկայի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Կարեն Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է <<Հիպերտոնիկ հիվանդություն՝ 3-րդ աստիճանի>>, որը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի 40-րդ կետին: Բացի այդ, ամբաստանյալն ունի մի շարք այլ առողջական խնդիրներ, մասնավորապես՝ 2020 թվականի մայիսի 7-ի հետազոտության համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է <<Գլխուղեղի ՄՌ-պատկերն առանց օջախային փոփոխությունների: Սուբարախնոիդալ տարածության անհամաչափ լայնացում՝ փոխարինող բնույթի: Աջ ողնաշարային զարկերակի հիպոպլազիա: Աջ վերծնոտային խոռոչի կիստա>>, 2020 թվականի հունիսի 22-ին նրա մոտ ախտորոշվել է <<Զարկերակային գերճնշում III: Մնացորդային երևույթներ կրած ինսուլտից հետո: Ս.Ի.Հ. Լարվածության ստենոկարդիա II Ֆ.Դ.»:
Կարեն Հովհաննիսյանի փաստաբան Սարգիս Խաչատրյանը դիմել է դատախազություն, հայտնելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ բռնություններ են կիրառվել: Քրեական գործ է հարուցվել: Սարգիս Խաչատրյանը «Forrights» -ի հետ զրույցում չցանկացավ մանրամասներ հայտնել, անուններ հնչեցնել, պատասխանել հարցին, թե ով է ծեծի ու խոշտանգումների ենթարկել իր պաշտպանյալին, պատճառաբանելով, որ վերջինս ունի կաշկանդվածություն և չի լիազորել իրեն նման հրապարակման համար:
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում և «Դատապարտյալների» հիվանդանոցում սխալ բուժօգնության արդյունքում են հիվանդությունները առաջացել, և քրեական գործը հարուցվել է դրա հետ կապված: Նա ինձ պատմել է, որ խոշտանգման արդյունքում ինքը ստացել է հիվանդություն, ու հիվանդության սխալ բուժման հետևանքով բարդացել է նրա առողջական վիճակը: Գործը հարուցված է քննչական կոմիտեում», — ասաց Սարգիս Խաչատրյանը Forrights.am-ին:
Հարցին, թե ինչ է պատմել Կարեն Հովհաննիսյանն իրեն, ովքեր են իրեն խոշտանգել կալանավայրում, փաստաբանը պատասխանեց. «Կարեն Հովհաննիսյանն ինձ պատմել է, որ երբ որ իրեն ձերբակալել են, տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ, 2018 թվականին, նա այնտեղ խոշտանգման է ենթարկվել հիմնարկի աշխատողների կողմից: Թե ինչու, ես չեմ կարող ասել: Այնտեղից անմիջապես տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, պարալիզացվել է մարմնի աջ հատվածը: Ոտքն ու ձեռքը չեն աշխատում: Նա գամվել է սայլակին: Ես միջնորդել եմ, որ հարուցվի քրեական գործ»: Իսկ ինչո՞ւ են ծեծի ենթարկել, պահանջում էին, որ մեղադրա՞նքը ընդունի: «Այլ մանրամասները պարզվում են քննությամբ: Ծեծի հետ կապված հանգամանքները ես չեմ ուզում բացահայտել, որովհետև իմ վստահորդը ինձ չի լիազրել, որ հրապարակեմ այդ հանգամանքները», — ասաց փաստաբանը
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: