«Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում, սակայն կալանավորումը համաչափ չէ»․ իրավապաշտպան

83

«Ինձ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակապես անընդունելի։ Ակնհայտ է, որ հետապնդվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել։ Սխալս միշտ ընդունել եմ ու կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի»։ Երեկ այս մասին իր նամակում գրել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, որն ընթերցեց նրա կինը՝ Մելանյա Հովհաննիսյանը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Չարչյանը վիրահատական միջամտության է ենթարկվել։ Ըստ փաստաբան Արամ Վարդևանյանի՝ բժշկի առողջական վիճակը վատացել է նրան կալանավորելու մասին որոշման հետևանքով․

«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրման նպատակով։ Ես իսկապես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի։ Ես չեմ կարծում, որ իրավապահ որևէ մարմնի ելակետն առողջական վիճակի քայքայումն է»,- նշել է փաստաբանը։

ԲԿ տնօրենի անունը սկսեց շրջանառվել հունիսի 18-ից, երբ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու Չարչյանն իր աշխատակիցներին սպառնում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ձայնագրության տարածումից հետո հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (ընտրություններին մասնակցելը հարկադրելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ):

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան 1 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

երկու օր առաջ, ԱԺ 7 պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, «Իմ քայլը» լքած Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը, «Լուսավոր Հայաստան»-ից՝ Արկադի Խաչատրյանը, Աննա Կոստանյանը և Վարդան Վարդանյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ Չարչյանի խափանման միջոցի փոփոխման համար։

Պաշտպանական կողմը նշում է, որ քրեական գործը հարուցվել է ՀՔԾ խոսնակի ներկայացրած զեկուցագրի հիման վրա, բացի այդ օգտագործվել է նաև անանուն աղբյուր՝ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում հրապարակված ձայնագրություն:

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդում է, որ Չարչյանի գործողություններում որևէ հանցակազմ չկա։ Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրությունը կիսատ է, մոնտաժված, և եթե ամբողջական տարբերակն ուսումնասիրեն, ապա կնկատեն՝ հաջորդիվ խոսակցությունը՝ անկախ նրանից «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկի, թե ոչ, որևէ նշանակություն չի ունենա հետագա աշխատանքի հարցում:

 «Վերցրել են ինչ-որ անհայտ աղբյուրի հիման վրա ոչ միայն քրեական գործ են հարուցել, ինչն արդեն իսկ անօրինական է, մի հատ էլ քրեական հետապնդում են իրականացնում։ Մենք գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ։ Եթե տեսաձայնագրությունն ամբողջ ծավալով ուսումնասիրեն, ապա կնկատեն, որ ի սկզբանե պարոն Չարչյանն իր խոսքում ընդգծում է, որ սա քարոզչություն չի: Նա առաջին անգամ ներկայանում է իր աշխատակիցների առաջ առանց, այսպես ասած, խալաթի։»։

Փաստաբանը շեշտեց, որ գործ ունեն ոչ իրավաչափ վարույթի հետ, հետևաբար՝ դրա շրջանակներում ձեռք բերված յուրաքանչյուր փաստական տվյալ՝ անթույլատրելի է։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը համաձայն չէ պաշտպանական կողմի այն որակման հետ, որ Չարչյանի նկատմամբ «քաղաքական հետապնդում» է իրականացվում։ Սակայն կարծում է, որ բժիշկը թիրախավորված է իշխանության կողմից՝քաղաքական հայացքների պատճառով․

«Սպառնալով և ուղղորդելով իր կենտրոնի աշխատակիցներին, Արմեն Չարչյանը թույլ է տվել լուրջ իրավախախտում, սակայն այստեղ ականատես ենք լինում նրա նկատմամբ ընտրողական մոտեցման։ Մեր դատական համակարգում եղել են դեպքեր, երբ ավելի ծանր հանցագործության դեպքում խափանման այլ միջոց է կիրառվել։ Հիմա ինչո՞ւ միանգամից կալանավորեցին, նրա համար, որ Չարչյանը «Հայաստան» դաշինքի թեկնածո՞ւ էր։ Կարող ենք հստակ սահմանել՝կալանավորելն այդ դեպքով համաչափ չէ» ,- Forrights-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը

Հավելենք, որ պաշտպանական կողմն արդեն իսկ բողոքարկել է դատարանի որոշումը, մինչ այդ նրանք դիմել էին նաև Գլխավոր դատախազություն և 50 միլիոն գրավ առաջարկել՝ խափանման միջոցի փոփոխման համար։ Երկու դեպքով էլ դեռևս որևէ պատասխան չկա։