Վարչապետի խորհդրական Արայիկ Հարությունյանը մեկ-երկու հիմնաքարերից է, որոնց վրա կանգնած է հեղափոխական իշխանությունը: Անկախ զբաղեցրած պաշտոնից նա միշտ վարչապետի կողքին է, միշտ կանգուն, միշտ սթափ հետևում է, թե արդյոք հեղափոխականները կատարում են իրենց պարտավորությունները այն ուժի նկատմամբ, որն իրենց բերեց իշխանության: Այսպես, շուտով պատժվելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որի ծառայելու չափը չի գոհացնում Արայիկ Հարությունյանին: «Ազատությանը» տված հարցազրույցում նա ասել է, որ Մարությանը նախընտրական փուլում «ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»:
Հարցին՝ կուսակցությունում որոշակի տեսակետ, կարծիք կա՞ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին: Ասում են, որ դժգոհ եք նրա աշխատանքից, վարչապետի խորհրդականը պատասխանել է. «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն»: Թեև Արայիկ Հարությունյանը ավելացրել է, որ այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում չկա, պետք չէ գուշակ լինել, կանխատեսելու համար Մարությանի պաշտոնանկությունը:
Երևանի քաղաքապետարանը, ի դեմս խոսնակ Հակոբ Կարապետյանի, անմիջապես պատասխանեց փոխվարչապետին:
«Երևանի քաղաքապետը իր թիմի հետ միասին ակտիվորեն շարունակում աշխատանքը, շարունակում է իրացնել էն մանդատը, որը տվել են երևանցիների 2018 թվականի սեպտեմբերին։ Եվ մանդատը երևանցիները տվել են հինգ տարի ժամկետով», — ասաց Կարապետյանը։
Այս հեռահար վեճը ակամայից հաստատեց խոսակցությունները, որոնք վաղուց էին տարածվում՝ որ ՔՊ-ականների թիմում գոհ չեն քաղաքապետ Հայկ Մարությանից: Փաստորեն, նրանից ակտիվ քարոզ էր սպասվում, գուցե, «լավ գործեր», ի նպաստ քաղաքի, ասֆալտապատում, փոսալցում:
Արդեն երեք տարի է, ՀՀ քաղաքացիները տարբեր առիթներով բոլոր հարթակներում իրենց դժգոհությունն են արտահայտում քաղաքապետարանի աշխատանքից: Թերությունները հայտնի են՝ այս տարիներին ոչինչ չարվեց տրանսպորտի աշխատանքը բարելավելու համար, փողոցային առևտուրը ծաղկում է, կարծես, վերադարձել են 90-ականները: Քաղաքի կանաչապատումը, բակերի բարեկարգումը, միջատների ու կրծողների վերացումը թերի է կատարվում, ամռան տապին չեն լվացվում փողոցները, չեն ախտահանվում, տրանսպորտում չկան պաշտպանիչ միջոցներ, ինչը երևևանցիները բարձրաձայնում էին հատկապես համավարակի տարածման պայմաններում: Մեծ դժգոհություններ կան մետրոյի աշխատանքից, մուտքերի, լիֆտերի տնտեսության վիճակից: Բազմիցս գրվել ու բարձրաձայնվել է քաղաքապետարանի անցկացրած անարդար մրցույթների մասին, քննադատվել են կոռուպցիոն ռիսկ պարունակող՝ մեկ աղբյուրից գնումները:
Հայկ Մարությանին համարել են Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող կադրը, սակայն քաղաքապետի թերությունները միշտ կոծկվել են: Եւ այսօր, ահա, թիմում որոշեցին, որ նա նախընտրական շրջանում լավ չի աշխատել իր թիմի համար, և սա Մարությանի սխալի առաջին պաշտոնական արձանագրումն է:
Որքանո՞վ է արդար նման մոտեցումը: Forrights.am-ը հարցն ուղղեց Երևանի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանին:
«Հետպատերազմյան շրջանից են եկել իշխող խմբակցության և Հայկ Մարությանի տարաձայնությունները, ինչը շատ ակնհայտ էր: Համարում եմ, որ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացին ընտրում է կուսակցություններ, քաղաքական թիմ , և եթե դու այդ թիմի անդամ չես, դու պետք է զիջես քո մանդատը թիմին և հեռանաս: Կային նաև աշխատանքային դժգոհություններ: Պարոն Մարությանը բավականին աշխատանք արել է, բայց կային թերություններ, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Շատ անելիքներ կային, որ քաղաքապետը չի արել»
Անի Խաչատրյանը հատկապես նշեց Հայկ Մարությանի «կադրային»թերացումները: «Հայկ Մարությանի նշանակումները կադրային քաղաքականություն չի, այլ այլանդակություն է: Քաղաքապետարանը դարձել էր քաղմասապետարան: Ամբողջ ոստիկանական համակարգը բերել, լցրել էր քաղաքապետարան, ու արդյունքում ոչինչ չէր արվում: Առնվազն 4-5 վարչության պետ նախկին ոստիկաններ են, նաև Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարը, նախկին ոստիկան, որին մի քանի օր առաջ հեռացրեցին համակարգից»:
Հիշեցնենք, որ ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար, նախկին ոստիկան Հայկ Մհրյանը:
Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, նա Մհրյանի հեռանալու պատճառը ընտրություններից երկու օր առաջ Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպն է եղել ՔՊ-ականների հետ, որոնք, նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Մհրյանի աշխատասենյակ, եւ նրան ու տեղակալներին մեղադրել են չաշխատելու մեջ։
Ստացվում է, որ Մարությանի հեռանալու պատճառը քաղաքակա՞ն է:
Ավագանու անդամ, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, որը, թերևս, Հայկ Մարությանի ամենասուր քննադատներից էր, պատասխանեց. «Ըստ էության, այդպես էլ կա, հարցը քաղաքական է: Պարզապես, այս իրավիճակում շատ կարևոր է, որ իրենք գնահատեն նրան: Կարող են, օրինակ, ասել, որ աշխատել է նորմալ, բայց մեզ չի սատարել, հետևաբար, պետք է հեռանա, կամ պետք է ասի՝ վատ է աշխատել, հերիք չի, դեռ մեզ էլ չի սատարել: Սրանք երկու տարբեր իրավիճակներ են, որոնք իրենք պետք է ներկայացնեն հանրությանը»:
Դավիթ Խաժակյանը գտնում է, որ 2018 թվականին ձևավորված ավագաինին հետհեղափոխական, հանուն արտահերթ ընտրությունների անցկացման մանդատ էր: «Չեմ կարծում, որ Մարությանը որևէ այլ ուժի կողմից առաջադրվելու պարագայում կարողանար քաղաքապետ դառնալ, ուստի այս իմաստով, կփոխեն նրան, թե չեն փոխի, էական ազդեցություն չի ունենա: Բայց ազնվության համար իշխանությունը պետք է ասի, գոհ է Մարությանի աշխատանքից թ՞ե ոչ»:
Ավագանու անդամ, իմքայլական Լևոն Զաքարյանը չցանկացավ մեկնաբանել Մարությանի շուրջ ձևավորված լարվածությունը. «Ես չեմ ուզում մեկնաբանել, ինձ մի համոզեք»՝ ասելով և սպառնալով անջատել հեռախոսը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: