Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց․ պաշտպանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին

74

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 23-ին «շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Ստիպված ենք տեղեկացնել, որ Պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը (կալանավորումը- խմբ.) «շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք»,- նշել է Վարդևանյանը:

Նա նաև հայտնել է, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել են իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։

Նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, այն է` ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրություններին մասնակցելուն և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, հունիսի 21-ին մեղադրանք է առաջադրվել «Հայաստան» դաշինիքի թեկնածու Արմեն Չարչյանին: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը հունիսի 23-ին բավարարվել է:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: