Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

82

Մայր աթոռից հայտնում են, որ խորը մտահոգությամբ տեղեկացել են Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին ու նշում, որ անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ.

Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։ Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։

Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։

Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու: