«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» գլխավորող, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ կոմիտեն հայտնել էր, որ հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ փողոցում կայանված, Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ատոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին [Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել] և 235-րդ հոդվածի 1-ին [Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը] մասերով:
Կոմիտեն այսօր հայտնում է՝ նկատի ունենալով, որ Բաբաջանյանի նկատմամբ ոտնձգությունը տեղի է ունեցել արտահերթ ընտրությունների օրը, ուստի անհայտ անձի կողմից քաղաքական գործչի՝ վերջինիս գործունեությունը դիտավորությամբ դադարեցնելու նպատակով իրականացված առերևույթ ոտնձգության վերաբերյալ Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է ևս մեկ քրեական գործ:
Հունիսի 22-ին որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: