Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակն այսօր մարդաշատ էր: Դատարանը  քննում էր անվանի բժիշկ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի 20-րդ համար Արմեն Չարչյանին կալանավորելու  հարցը: Պարբերաբար ծափեր էին լսվում: Ծափ տվողները նրանք էին, ովքեր եկել էին քաջալերելու պրոֆեսորին:

Պրոֆեսորը լրագրողների, տեսախցիկների առաջ մեկնաբանում էր հայտնի ձայնագրությունը, որի հիման վրա իրեն մեղադրում են ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար: Հոդվածն այս նախատեսում է 4-ից  7 տարվա ազատազրկում: Իր մեղադրանքը նա չի հասկացել: Մեղքը չի ընդունում: Ցուցմունք տալուց հրաժարվել է:

Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ, որը լայնորեն տարածվել է համացանցում, Չարչյանը ժողովի է հրավիրել «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին և նրանց «հորդորում, խնդրում, պահանջում է», որ անպայման գնան ընտրության, ապա նաև՝ անուղղակի դրդում է, որ ընտրեն «Հայաստան» դաշինքը, նաև թեևակի վախեցնում է բժիշկներին, հասկացնելով, որ կիմանա, թե ով ում է ընտրել, ով մասնակցել է ընտրության, իսկ ով՝ ոչ:

Հայտնի պրոֆեսորը նույնիսկ զգուշացնում է քար լռութոյուն պահպանող իր ենթականերին, որ ստորաբաժանումների ղեկավարները ընտրության օրը զանգելու են իրենց ու ստուգեն, թե արդյոք իրենք գնացել են ընտրության: «Ունենք ձեր բոլորի հասցեները, անուն ազգանունները և տեսնելու եմ, թե ով է գնացել ընտրության, ով չի գնացել», — ասում  է անվանի բժիշկը: Նա հիշեցնում է աշխատողներին , որ հիվանդանոցը պատկանում է Մայր աթոռին, իսկ Մայր աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել:

«Ստատիստիկորեն, կան ստատիստիկ, շատ լուրջ մեխանիզմներ, որպեսզի մոտավորապես ճշտվի տոկոսային հարաբերակցությամբ, թե ով ինչ ընտրություն է կատարել», — ասում է Չարչյանը:

Նրանց, ովքեր չեն կատարի իր խնդրանքը, հորդորը, պահանջը, գործատուն խոստանում է կոշտ վերաբերմունք: «Եթե որևէ մեկը չի կատարել տնօրենի հորդորը, խնդրանքը, պահանջը, տնօրինությունը շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու նրա նկատմամբ: Այդպիսի արտահայտություն կա՝համարժեք պատասխան: Պատասխանը չի լինում համարժեք, պատասխանը խիստ անհամարժեք է լինելու: Դուք որոշում եք իմ սերունդների ճակատագիրը, ինչպես որ ես եմ որոշում ձեր սերունդներինը», — գրեթե սպառում է անվանի բժիշկը:

Ձայնագրությունը լսելիս, հնարավոր չէ չհիշել մեկ այլ ձայնագրություն: 2017 թվականի ընտրություններից առաջ ձայնագրություն հրապարակվեց ՍԱՍ-ի Արտակ մականունով օլիգարխի օգտին անցկացրած ժողովից: Ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին սպառնալով և ծաղրելով հորդորում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի համար: Խոսքի բովանդակությունը գրեթե նույնն է, ինչ Չարչյանի ժողովի ժամանակ:

«Եթե դու էդ ձևի ես վերաբերվում մեզ, մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք: Հովհաննես Հովհաննիսյան, ո՞ւր ա․․․ Հը՞, Հովո, բերել չե՞ս: Հովոն մեր հետ չի, ուրեմն մեր դեմ ա, իմացեք: Ասենք, քյալամ, վարունգ բերելով չի, ախպեր ջան, պտի նաև ձեն ապահովես, չէ՞», — ասում էր տղամարդը:

Այն ժամանակ էլ գլխավոր դատախազը Արթուր Դավթյանն էր, քննչական մարմինն էլ ՀՔԾ-ն, որը կարճ քննությունից հետո կարճեց ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։

Դատարանի բակում այսօր պրոֆեսոր Չարչյանը փորձում էր արդարանալ: 

«Ինձ առաջադրված է մեղադրանք, որն ինձ համար բացարձակ անհասկանալի է, որը ոչ մի հանցակազմ չի պարունակում եւ իմ խորին համոզմամբ այդ մեղադրանքը կրում է զուտ քաղաքական բնույթ: Համոզված եմ, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի», — ասում էր Չարչյանը:

Ըստ նրա, արտադրանքը և պահանջը տարբեր բաներ են: Ինքը կարող է պահանջել, որ իր աշխատողները գնան ընտրության, բայց դա չի նշանակում պարտադրանք: «Այ, եթե ես ձեզ խնդրելուց, հորդորելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ, որ դուք դա անեք, այդ դեպքում է դա պարտադրանք»,- ասում է պրոֆեսորը մի մարդու տոնով, որի հետ միշտ բոլորը համաձայն են, որը սովոր չի առարկությունների:

«Դուք ձայնագրության մեջ ասում եք, որ դուք կարող եք հետո ստուգել», — հարցնում է «Ազատության» լրագրողը: «Ես ասում եմ՝ ստատիստիկ մեթոդներով, մոտավոր, դրանք բոլորովին այլ բաներ են, այն հանցակազմը, որն ինձ ինկրիմինացիա է արվում, դրա հետ կապ չունի», — չի հուսահատվում Չարչյանը: Լրագրողի հարցին՝ բայց դուք ասում եք, որ եթե չգնան ընտրության, կոշտ վերաբերմունք կլինի, պրոֆեսորը գրեթե ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, ոչ այնքան քրեական, որքան բարոյական կոդեքսի առումով.

«Որևէ մեկը եթե դիմել է ինձ և խնդրել է հետազոտություն անցկացնել, վիրահատություն, կամ ամենաբարդ գործողությունները անցկացնել, և դրա համար գումար չեն ունեցել, սկսած ամենաանապահով մայրապետից, մինչև բաժանմունքի վարիչները, փոխտնօրեն, բոլորի խնդրանքը ես հարգել եմ ու բոլորը անվճար, հիվանդանոցի հաշվին հարգել եմ նրանց: Իսկ եթե իրենք չեն հարգի իմ խնդրանքը, իմ հորդորը, ես էլ կոշտ ձևով չեմ հարգի իրենց, հաջորդ անգամ, եթե որևէ մեկը գա, ինձ որևէ բան խնդրի, ես այդ խնդրանքը չեմ կատարի օրենքի սահմաններում, խստագույնս օրենքի սագմաններում, օրենքի գերակայության տիրույթում»: Ափսոս էր բժիշկը:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest