ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական ցուցակներում ընդգրկված 28 ընտրողի անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20000-ից մինչև 40000-ական ՀՀ դրամ կաշառք:
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով ՀՔԾ-ում շարունակված նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր 3 անձ, որոնցից մեկը՝ նշված դաշինքի պատգամավորության թեկնածու:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ԿԸՀ միջնորդություններ էին ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Այսօր կայացած նիստի արդյունքում ԿԸՀ-ն նշված անձի վերաբերյալ դատախազի երկու միջնորդությունները բավարարել է:
Տվյալ անձի ձերբակալման իրավաչությունն ավելի վաղ վիճարկվել էր դատարանում, որն իր հունիսի 20-ի որոշմամբ մերժել է բողոքը՝ հաստատելով ձերբակալման իրավաչափությունը:
ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և մյուս անհրաժեշտ դատավարական գործողություններն իրականացնելու հանձնարարությամբ։
Պատշաճ դատախազական հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում առերևույթ ընտրակաշառքի հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: