Քվեարկության օրվա ընտրական գործընթացը, ընդհանուր առմամբ, եղել է կազմակերպված, ընթացել սահուն և խաղաղ պայմաններում, առանց լայնածավալ կոպիտ խախտումների, սակայն, նկատվել է որոշակի լարվածություն մի շարք ընտրատեղամասերում։ Այդ մասին հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը՝ «Ականատես» դիտորդական առաքելության՝ քվեարկության օրվա ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա՝ մի քանի ընտրատեղամասերում լարվածության որոշակի առկայությունը պայմանավորված էր կողմնակի անձանց ներկայությամբ, ուղղորդումներով և վերահսկվող քվեարկությամբ, իսկ ընտրախախտումների առյուծի բաժինն «Հայաստան» դաշինքինն է։
Ընտրախախտումների մի հատվածն իրականացվել է քաղաքական ուժերի վստահված անձանց ներգրավմամբ, այդ թվում նաև «Պատիվ ունեմ» դաշինքի, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Զարթոնք», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանը նշում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենատարածված ընտրախախտումների թվում են եղել ընտրողների ուղղորդումներն ու վերահսկվող քվեարկությունը։ Վերջինով պայմանավորված՝ քվեարկության օրը դիտորդական առաքելությունը երեք բանավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Արձանագրվել են մի քանի դեպքեր, երբ խախտվել են դիտորդական առաքելության ներկայացուցիչների իրավունքները։ Մի քանի դեպքերում դիտորդներին հնարավորություն չի տրվել լուսանկարելու գրանցամատյանի առանձին էջերը, օրինակ, հանձնաժողովի անդամների վիճակահանության կամ վստահված անձանց գրանցման էջերը։ Եղել է նաև դեպք, երբ լրատվամիջոցի ներկայացուցիչը խոչընդոտել է դիտորդի աշխատանքին։ Գրանցվել են նաև հանձնաժողովների առանձին անդամների կողմից դիտորդների իրավունքների խախտման, անուղղակի ճնշման, հասցեագրված վիրավորանքի դեպքեր, որոշակի դեպքերում նման երևույթները չեն արձանագրվել ընտրական տեղամասի գրանցամատյանում։
Գենյա Պետրոսյանը նշում է, որ որոշ տեղամասերում գրանցվել են նաև չհրկիզվող պահարանների հետ կապված առանձին խախտումներ։ Մասնավորապես, մի քանի ընտրատեղամասերում դրանք բացվել են մինչև քվեարկության նախապատրաստման նիստի մեկնարկը (ժամը 07:00) կամ քվեաթերթիկները տեղադրված չեն եղել չհրկիզվող պահարանի մեջ՝ բավարար տեղ չլինելու պատճառաբանությամբ։ Տեղամասերից մեկում էլ չհրկիզվող պահարանի փոխարեն գործածվել է քվեատուփը։ Բացի այդ, շատ են եղել նաև ընտրատեղամասի կահավորման հետ կապված խնդիրները, երբ քվեախցիկները տեղադրված են եղել այնպիսի վայրերում, որին հարակից եղել են լուսամուտներ, աստիճաններ, այլ սենյակներ տանող դռներ։
Առանձին ընտրատեղամասերում գրանցվել են վստահված անձանց, օրենքով սահմանված թվից, ավելի ներկայություն կամ առանձին թեկնածուների ընտրատեղամասում գտնվելու դեպքեր, երբ վերջիններս հրաժարվել են հեռանալ այնտեղից։ Նման դեպքեր գրանցվել են «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պարագայում։ Օրինակ, ընտրատեղամասերից մեկում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ունեցել է երեք վստահված անձ, որոնցից մեկը, ավելի ուշ, հեռացվել է տեղամասից։ Իսկ դիտորդական առաքելության ներկայացուցիչներից մեկը կոնկրետ վարքագիծ է դրսևորել քաղաքական ուժերից մեկի օգտին։
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նշում են, որ առանձին դեպքերում վստահված անձինք փորձել են ուղղորդել ընտրողներին։ Եղել են դեպքեր, երբ նրանք թույլատրվածից ավելի մոտ են եղել քվեախցիկներին՝ փորձելով վերահսկել ընտրությունը։
Դիտորդները նաև խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերից դուրս։ Մասնավորապես, գրանցվել են ընտրողների տեղափոխման դեպքեր, նկատվել են ցուցակներով մարդիկ, առանձին անձանց կողմից ճշտումներ, թե արդյոք ընտրողը քվերակել է այս կամ այն ուժի օգտին։
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները ևս գրանցել են էլեկտրաէներգիայի անջատումների դեպքեր, որոնք հիմնականում գրանցվել են քվեաթերթիկների հաշվման գործընթացի ժամանակ՝ 5-ից մինչև 16 րոպե տևողությամբ, որը չի ազդել քվեաթերթիկների հաշվարկի գործընթացի վրա։
Ինչ վերաբերում է զինծառայողների ուղղորդման հնարավոր առանձին դեպքերին, ապա «Ականատես» դիտորդական առաքելությունը ևս ստացել է նման ահազանգեր, սակայն դրանք չեն եղել միևնույն քաղաքական ուժի օգտին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: