Վստահված անձանց ծեծ, դիտորդների ու լրագրողների ահաբեկում, զանգվածային ընտրակաշառք , կառուսելներ ու կուտակումներ չեղան

114

2008 ընտրատեղամասերի արդյունքներով, որոնք հայտարարվեցին առավոտյան ութին խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ստացված 53.92% ձայով, «Հայաստան» դաշինքը՝ 21.04% ձայնով, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայնով։ Անգամ Սյունիքը, որը հայհոյում էր Նիկոլին, որն առերևույթ ամենաքոչարյանական և նիկոլատյաց մարզն է, 53 տոկոս ձայն տցեվ Փաշինյանի կուսակցությանը, իսկ Քոչարյանի կազմած դաշինքին՝ ընդամենը 27 տոկոս։

Քոչարյանն ու նրա թիմակիցները, որոնք դեռ մինչև ընտրությունները նախընտրական հարթակներից հեգնանքով հարցնում էին միտինգավորներին՝ մենք նմա՞ն ենք ընդդիմության, այսօր լուռ են։

Ակնհայտ է, որ քոչարյանական թևը քննարկումների մեջ է։ Մինչև այս պահը հայտնի է, որ «Հայաստան» դաշինքը դիմելու է ՍԴ։ ««Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան», — հայտնում է դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ :Դաշինքը նաև հայտարարություն է արել ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց և վստահություն չներշնչող լինելու վերաբերյալ։


«Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին», — ասվում է հայտարարության մեջ։

Կլինեն արդյոք բողոքարկումներ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն առայժմ չեն պատասխանում։ Նրանցից առաջ ընկած խոսեց Կրեմլը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը,  մեկնաբանելով  Հայաստանում երեկ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նա հայտարարեց․ «Մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը»:
Ի՞նչ կարող ենք սպասել «Հայաստան» դաշինքից հիմա, հնարավոր է, որ ՌԴ նման հայտարարությունից հետո Քոչարյանը, որը Պուտինի ընկերն է իրեն համարում, այլևս ներսում բողոքի ակցիաներ չիրականացնի։

Հարցն ուղղեցինք քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցին։

«Փաշինյանը չի հաղթել, պարտվել է «Հայաստան» դաշինքը։ Համակարգային ընտրակեղծարարության լուրջ փաթեթ իրենց ձեռքում չկա։ Եթե լիներ, հիմա մենք միանգամայն այլ հայտարարությունների ականատես կլինեինք։ Այսինքն, նրանք հասկանումեն, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց հենց իրենց պարտության, ոչ թե հանրության քվեի շնորհիվ։ Այս պարագայում ակտիվ գործողությունները հանրային շատ մեծ աջակցություն ունենալ չեն կարող։ Երկրորդ՝ կարևոր միֆ պայթեց՝ որ բոլոր քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ Պուտինի ընկեր, ռուսական «դաբրո», նմանատիպ կատեգորիաները մեծ քաղաքականության մեջ չեն գործում։ Վկան ՌԴ արձագանքն է ձեր մատնանշած։ Ռուսաստանն ունի իր շահերը, և ցանկացած կոնֆիգուրացիա այս ընտրությունների, լինելու էր Պուտինի սրտով։ Այս պարագայում ենթադրել, որ Պուտինի ընկեր լինելու հանգամանքը կարող է դիվիդենտներ տա, ուղղակի մոլորություն է։ Այս մի քանի իրողությունները հուշում են, որ զանգվածային դրսևորումներ փողոցում չենք տեսնելու։ Իհարկե, չեմ բացառում, որ «Հայաստան» դաշինքը թե ՍԴ դիմի, թե հանրահավաքի նախաձեռնությամբ հանդես գա, բայց սա էական ազդեցություն չի ունենալու երկու պատճառով՝ Փաշինյանի վերարտադրության հարցում առայժմ առկա է արտաքին քաղաքական կոնսենսուս, որը մեկ-մեկուկես տարուց չի լինելու, երկրորդ՝ այսօրվա տիտղոսային ընտրությունը հանրային աջակցության ռեսուրս չունի, և այս առումով նույնիսկ զիջում են նախկին ընդդիմությանը, ասենք, նույն ԲՀԿ-ին»։

Ընտրությունների ընթացքում ընտրախախտումներ, անշուշտ, արձանագրվել են պետական մարմինների, ՄԻՊ գրասենյակի, դիտորդների և վստահված անձանց կողմից, տարատեսակն քրեական միջադեպեր են գրանցվել, քարոզարշավը հագեցած է եղել ատելության խոսքով։ Բայց եւ այնպես դժվար է չնկատել՝ «Ընտրություն-21»-ը զերծ էր հայաստանյան ավանդական ընտրությունների ատրիբուտներից՝  վստահված անձանց ծեծից, ընտրողների ու լրագրողների ահաբեկումներից, ընտրատեղամասերի առաջ խուլիգանական բանդաների, թաղային հեղինակությունների կուտակումներից, իշխանությունների կողմից զանգվածաբար ընտրակաշառքի բաժանումից, լցոնումներից, կառուսելներից։

Սյուզան Սիմոնյան