«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու լուրջ հիմքեր ունի, նաեւ նշել, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը:
Դաշինքի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
««Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Աժ ընտրություններում դաշինքին աջակցած եւ իր օգտին քվեարկած Հայաստանի քաղաքացիներին: Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջեւ ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաեւ իրենց հավանությունը տվեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:
«Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են եւ վստահություն չեն ներշնչում:
Մեր դիտարկումները եւ դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված եւ նախապես պլանավորված կեղծարարության մասին: Մասնավորապես.
- Ձեւավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերեւույթ գործողություններ:
- Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն եւ այլն:
- Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն եւ քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:
- Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ:
- Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը:
- Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան:
«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահմանադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: