«Ընտրություններն ընթացել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան»

54

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բոլոր խախտումներով հանդերձ, ընթացել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, եղել են մրցակցային։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Չնայած նրան, որ թե քվեարկության օրը, թե նախորդող օրերին ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր տարածված էին, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ այդ ընտրակաշառքները մեծ կամ որակյալ ազդեցություն չեն ունեցել ընտրություններ վրա։ Ավելին, պետք է արձանագրել, որ այդ խախտումները մեծ առումով քվեարկության օրը ընտրողների ազատ կամքի վրա էական կամ որոշիչ ազդեցություն չեն ունեցել»,- հավելեց նա։

Ըստ Սաքունցի՝ նախընտրական փուլում երկրում իրավիճակը թեժ էր, կար մտավախություն, որ դա կարող էր ազդեցություն ունենալ նաև ընտրությունների վրա, բայց դիտորդները փաստում են, որ քվեարկությունն ընթացել է ազատ մթնոլորտում։

«Մենք արձանագրում ենք, որ ընտրական գործընթացի կարգավորման վերաբերյալ օրենսդրությունը, որն այդպես էլ ամբողջությամբ չընդունվեց, հատկապես վարչական ռեսուրսների չարաշահման կամ դրանց կարգավորման ուղղությամբ, իհարկե հնարավորություն տվեցին որոշ քաղաքական ուժերի՝ օգտագործելու այդ օրենսդրական բացերը։ Դա վկայում է, որ ընտրական օրենսդրությունը պետք է արմատական և որակյալ փոփոխության ենթարկել, որպեսզի ռիսկերը բացառվեն։ Քաղաքական զսպվածության սկզբունքը վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման հիմնական սկզբունքներից մեկն է։ Համայնքային, պետական մարմինների ծառայողները պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեն։ Բայց Ընտրական օրենսգիրքը դա չկարգավորեց»,- հավելեց նա։

Ընդհանուր առմամբ, «Անկախ դիտորդ»-ի դիտորդները 208 տեղամասում են դիտարկում իրականացրել։ «Սրանք այն եզակի ընտրություններից են, որ բացի մեր դիտորդներից, ընտրական խախտումների վերաբերյալ շատ-շատ մեծ թվով ահազանգեր արվում էին առանձին քաղաքացիների կողմից։ Սա խոսում է այն մասին, որ քաղաքացիների անհանդուրժող վերաբերմունքը ընտրական խախտումների հանդեպ բավական մեծ է», նշեց նա։

Ըստ Սաքունցի՝ Հայաստանի թե իրավապահ, թե դատական համակարգը ենթակա է փոփոխությունների, և այս ընտրություններն այդ խնդիրը ցույց տվեցին։

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ընտրատեղամասերի 52 տոկոսում արձանագրվել են քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ.

«Բազմաթիվ ընտրատեղամասերում դիտարկվել են քարոզչության դեպքեր: Մասնավորապես ընտրատեղամասերի 37,5 տոկոսում դա արվել է «Հայաստան» դաշինքի օգտին, 15,7 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 14 տոկոսը՝ ՔՊ-ի, 4,7 տոկոսը՝ ԲՀԿ-ի և «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի օգտին»:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ընտրատեղամասերի 10 տոկոսում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողներին տրվել են ոչ բոլոր քաղաքական ուժերի քվեաթերթիկները.

«Ընդ որում, որոշ ընտրատեղամասերում դա պարբերական բնույթ է կրել, և հիմնականում մեկ քաղաքական ուժի՝ ՔՊ-ի քվեաթերթիկներն են, որոնք չեն տրամադրվել: Երկու այդպիսի ընտրատեղամաս եղել է Երևանում, մեկը՝ Գորիսում:

Ընտրատեղամասերի 10 տոկոսում էլ արձանագրվել են քվեաթերթիկների դուրս բերման դեպքեր: Ինչպես նաև դիտվել է պատկեր, երբ ընտրողին օգնողները քվեախցիկում չեն հարցրել ընտրողի կամքը, և ընտրողն ուղղակի ֆիզիկապես ներկա է եղել քվեախցիկում»:

Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ բոլոր այս տվյալները, որոնք ինքը հայտնում է, այն ընտրատեղամասերինն են, որտեղ իրենք կատարել են դիտորդական առաքելություն: