Բաքվում մեկնարկել է շիրակցի ևս 13 հայ ռազմագերիների դատավարությունը

154

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է շիրակցի ևս 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը։

Տեղական լրատվամիջոցերի հաղորդմամբ՝ նիստն ընթանում է դատավոր Ֆայիգ Գանիևի նախագահությամբ, ճշտվում են հայ ռազմագերիների անձնական տվյալները։ Հայ ռազմագերիներն են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։ Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել՝ ահաբեկչություն, դիվերսիա ու այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

Հիշեցնենք՝ ևս 14 շիրակցի ռազմագերիների դատավարությունը տեղի էր ունեցել հունիսի 16-ին։

Հավելենք, որ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել, որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։

9 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5 գերի, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Եվս մի խումբ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին․ նրանցից մեկը Շիրակի մարզից է։

Հունիսի 12-ին էլ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերու, որոնց մեջ շիրակցիներ չկային։ Ադրբեջանում մնացած բոլոր շիրակցի գերիների նկատմամբ, փաստորեն, պաշտոնական Բաքուն քրեական գործեր է հարուցել։