Ազատաշենում կրակոցներից տուժածներ չկան. Դատախազություն

47

Դատախազության հաղորդագրությունը.

 Ազատաշեն գյուղում գործող թիվ 11/11 ընտրատեղամասին հարող տարածքում այսօր տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի անձանց, այդ թվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի պատգամավորության թեկնածուի և այդ ուժի նրա վստահված անձի մասնակցությամբ, որի ընթացքում գազային ատրճանակից արձակվել է կրակոց: Ստացված ահազանգի հիման վրա ժամանած Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ կերպով իրականացվել են համապատասխան միջոցառումներ, զենքը վերցվել է: Կրակոցից տուժածներ չկան: 

Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից արդեն ՀՀ ՔԿ Մասիսի բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և նախաքննության շրջանակներում պարզել դեպքի բոլոր հանգամանքները:

Հիշեցնենք, որ Հունիսի 20-ին՝ ժամը 8.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել:

Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն: