Այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Չնայած բուն քարոզարշավը տևեց ընդամենը 12 օր, սակայն դրանք պակաս բուռն ու լարված չանցան։ 26 քաղաքական ուժեր յուրաքանչյուրն ընտրեց քարոզարշավ իրականացնելու իր տարբերակը՝ բնակիչների հետ անձնային հանդիպումներից մինչև հանրահավաքներ։
Ընտրապայքարը հիմնականում ծավալվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և «Հայաստան» դաշինքի թեկնածու՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Անմասն չի մնում նաև Սերժ Սարգսյանը, ով թեև առաջադրված չէ որևէ ցուցակով, սակայն ակտիվ մասնակցում է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավին։
Ատելության խոսքն ու բռնության կոչերը՝ քարոզարշավի ժամանակ
«Այս ընտրություններն աննախադեպ են քարոզարշավի ժամանակ հնչեցված ատելության խոսքի, բռնության կոչերի և վիրավորանքի մասով»։ Անցնող քարոզարշավն այսպես է բնութագրել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։
Բռնության կոչ, վիրավորանք, ատելության խոսք եղել են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմության հանրահավաքների ժամանակ։ Հնչել է ոչ միայն միմյանց դուելի հրավիրելու, մուրճով, մանգաղով սաստելու, այլև կոնկրետ միմյանց հայհոյելու դեպքեր։
Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը․
«Հեղափոխությունից հետո այն ուժերը, որոնք կորցրին իրենց իշխանությունները, նրանց շուրջ ձևավորվեց այդ մթնոլորտը, հակաքարոզչությունը սկսվեց գործող իշխանության նկատմամբ։ Վերջիններս էլ, փոխարեն իրավական եղանակով պայքարեն հանցագործության դեմ, պարզապես հռետորությամբ պայքարում, ինչը հանգեցրեց նման էսկալացայի։ Եվ այս խնդիրը լուծման համար որևէ միջոց չեն ձեռնարկվում․ առկա իրավիճակը շատ հույսեր չի տալիս, որ ընտրություններից հետո ատելության մթնոլորտի թափը կթուլանա»,- կարծիք է հայտնում Այվազյանը։
Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ շտապեց մտահոգություն հայտնել նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։ Վերջինիս դիտարկմամբ՝ նման գործողությունները նպաստում են հասարակության բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանն այն պայմաններում, երբ երկիրը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո և պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների:
70․000-100․000 դրամ՝ յուրաքանչյուր ձայնի համար
Արտահերթ խորհրդարանական այս ընտրություններն աչքի ընկան նաև ընտրակաշառքի գումարային չափի մասին տեղեկություններով։ Եթե նախորդ ընտրությունների ժամանակ հանրությունը սովոր էր լսել 5000-10000 դրամ ընտրակաշառքի դեպքերի մասին, ապա այսօր մեկ ձայնի «արժեքը» շեշտակի բարձրացել է, հասնելով՝ 70․000-100․000 դրամի։ Գները տատանվում են՝ ըստ մարզերի և Երևանի միջև։
Գլխավոր դատախազությունը մինչև այժմ ընտրակաշառքի երեք գործ է հարուցել՝ երկու դեպք՝ Արմավիրում, մեկը՝ Գավառում, մի դեպքում գործող անձինք «Պատիվ ունեմ» դաշինքից են, մյուս դեպքում ՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, երրորդ դեպքով այս պահին հայտնի չէ։
Ըստ տարածած հաղորդագրության՝ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռուբեն Խլղաթյանը և ևս մեկ անձ կալանավորվել է 147 ընտրողի 9 մլն ՀՀ դրամ ընտրակաշառք տալու փորձի համար։
«Բարգավաճ Հայաստան»-ը նախապատվությունը տվել էր սնունդ տրամադրելուն։ Forrights-ին տրամադրած Դատախազության տեղեկության համաձայն՝ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին։ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:
Ընդհանուր՝ ընտրական իրավախախտման վերաբերյալ Դատախազությունը մինչ օրս ստացել է 140 հաղորդում։ Դրանցից 86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 24-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն, իսկ 19-ը այլ բնույթի են:
138 հաղորդումներից 42-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ։ Արդյունքում դրանցից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 26-ով նյութերի նախապատրաստման գործըթնացը շարունակվում է, իսկ 6 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
Նշված քրեական գործերից երկուսով 10 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը հանդիսացել են ընտրություններին մասնացկող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված թեկնածուներ: Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վարչական լծակն ավելի շատ խախտել է «Հայաստան» դաշինքը
Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր այս ընտրություններում կիրառել է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր թևը։ Քարոզարշավի օրերին քաղաքական ուժերն իրար հերթ չտալով հայտարարություններ էին տարածում, որ այս կամ այն դաշինքը/կուսակցությունն օգտագործում է վարչական լծակները՝ խոչընդոտելու կամ առավել մարտաշատ դարձնելու իրականացվող նախընտրական հանդիպումները։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ իրենց արձանագրումներից պարզ է դառնում, որ վարչական լծակն ավելի շատ խախտել է «Հայաստան» դաշինքը։ Փորձագետը, սակայն նշեց, որ երեկվանից համացանցում տարածվող տեղեկությունները, թե համայնքապետերին հրահանգված էր դպրոցի ուսուցիչներին և համայնքային այլ կառույցների աշխատակիցներին պարտադրել ներկա լինի Փաշինյանի հանրահավաքին, ահազանգն իրենք ևս ստացել են․
«Այս պահին տեղեկության ճշտումն ընթացքի մեջ է։ Եթե հաստատվի, համապատասխան քայլեր կձեռնակվի այդ ուղղությամբ»,- նշեց Իոսաննիսյանը։
Վերջին օրերին փորձագետն ահազանգեր է ստանում նաև Սյունիքի մարզից․ Կապանի ու Գորիսի համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարներն իրենց աշխատակիցներին պարտադրում են մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքներին.
«Իմ ձեռքի տակ հայտնվել է նամակագրություն, որտեղ Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանն աշխատակիցներին հրանագում է հավաքվել կենտրոնում՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավին մասնակցելու համար։ Այս դեպքի մասին ևս տեղեկացվել է»։
Հիշեցնենք, որ ընտրությունները նախատեսված էր անցկացնել 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, սակայն այն կանցկացվի ավելի վաղ՝ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո Հայաստանում տևական քաղաքական ճգնաժամի պատճառով։
Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք, սակայն հունիսի 8-ին ինքնաբացարկ է ներկայացրել «Հայոց Արծիվներ» կուսակցությունը
Ինչևէ, այս մթնոլորտով «փակեցինք» 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Առջևում Լռության օրն է՝ զերծ քաղաքական որևէ գործընթացից։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: