Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային 8 կազմակերպություն, 49 ԶԼՄ՝ կլուսաբանի

73

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնում է ութ միջազգային և օտարերկյա հասարակական կազմակերպություն։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ)։ Նրանք առաջինն են ժամանակ Հայաստան․ նախատեսում են, որ բուն ընտրության օրը առաքելության դիտորդների թիվը կհասնի 250-ի․

«Մեր առաքելությունը Հայաստանում է իշխանությունների պաշտոնական հրավերով, հետևելու ենք, թե որքանով է Հայաստանը հետևում է ԵԱՀԿ-ի անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորություններին։ Ես ղելկավարելու եմ առաքելությունը, որը կազմված է 11 միջազգային փորձագետներից ԵԱՀԿ-ին անդամակցող 9 երկրներից։ Կազմակերպության անդամ երկրներին դիմել ենք նաև 24 երկարաժամկետ դիտորդներ ուղարկելու խնդրանքով, որոնք կտեղակայվեն Հայաստանում մայիսի 26-ից», — մայիսի 19-ի հրավիրած ասուլիսում ասել է դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆին։

ԱՊՀ դիտորդական առաքելություն․ հավատարմագրվել է 70 դիտորդ։

ԱՊՀ միջխորհրդարանական առաքելություն․ Մոնիթորինգային խմբի կոորդինատոր է նշանակվել Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի և կապի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Իգոր Կոմարովսկին:

ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով)․ ընտրությունները կդիտարկի 20-հոգանոց խումբը: Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկն իրավական աջակցություն կցուցաբերի:

«Մինչև հունիսի 20-ին քվեարկության ընթացքին հետևելը, պատվիրակությունը հանդիպելու է կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով․ մոտ 80 դիտորդ կուղարկի Հայաստանհունիսի 20-ի արտահերթ ընտրություններին հետևելու համար: Ընդ որում, առաքելությունը կգլխավորի Վեհաժողովի փոխնախագահներից մեկը Կարի Հենրիկսենը:

Դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև ՀԱՊԿ ԽՎ-ն (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողով), ՌԴ Հանրային պալատը և ՖՄԿ-ն (Ֆրանկոֆանիայի միջազգային կազմակերպություն)։

Ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Երևանում նախատեսված է դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսը:

Նշենք, որ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 49 միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներ։ Դրանցից են՝ «Ֆրանս 24»-ը, «Ռոյթերզ»-ը, «Նովայա գազետա»-ն, «Ռոսսիա 24»-ը, «Ալ Ջազիրա Արաբիկ»-ը և այլն։