Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ հրապարակեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը։ Սարգսյանն իրեն վերագրվող արարքներում մեղավոր ճանաչվեց, դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից երկու տարին արդեն կրել է՝ ազատազրկման ձևով։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, այսինքն՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու մեջ։
Դատարանը 235-րդ հոդվածի 1-ին մասով Նարեկ Սարգսյանին դատապարտեց 1 տարի ժամկետով, ազատազրկման, Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման 2 տարի, 6 ամիս ժամկետով, իսկ 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված արարքի համար՝ 4 տարի, 6 ամիս ժամկետով։ Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Սարգսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը։ Ազատազրկման ձևով նշանակված վերջնական պատժին հաշվակցվեց Սարգսյանի՝ ազատազրկման մեջ գտնվելու ժամանակահատվածը, և նրա նկատմամբ որպես կրելու պատիժ թողնվեց 3 տարի 6 ամիս 23 օրը։ Սարգսյանի նկատմամբ այս պահին կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացվեց։
Նշենք, որ Նարեկ Սարգսյանը տևական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ, ապա 2018 թվականի դեկտեմբերին Պրահայում հայտնաբերվել «Ֆրանկլին Գոնսալես» անվամբ անձնագրային անվամբ, ու մեկ տարի անց արտահանձնվել Հայաստանին։
Սարգյանը դատարանին միջնորդել էր իր գործն արագացված քննել, միջնորդությունը բավարարվել էր։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: